Ուկրաինացի կինոօպերատոր. Սերգեյ Փարաջանովը մշտապես հետևում է ինձ
«Սերգեյ Փարաջանովը Հայաստանի, Ուկրաինայի և Վրաստանի ադամանդն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ուկրաինացի հայտնի կինոօպերատոր, լուսանկարիչ Յուրի Հարմաշը:
Նշենք, որ նա Երևանում է «Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում բացված Փարաջանովի լուսանկարների ցուցահանդեսի առիթով:
«Փարաջանովի հետ առաջին անգամ ծանոթացել եմ 1969 թվականին: Այդ հանդիպումն ու հետագա հանդիպումներն ինձ համար բարության դաս դարձան: Փարաջանովը հանճար է: Չգիտեմ, ինչ ասեմ նման մեծ մարդու մասին: Նա ինձ համար ողջ է: Լավ իմաստով, նա մշտապես հետևում է ինձ: Վստահ եմ, որ նա միշտ կլինի»,- ասաց նա:
Յուրի Հարմաշի խոսքով, որ Ս. Փարաջանովի անունը կարելի է գրել Գինեսի ռեկորդակիրների գրքում ոչ միայն որպես ամենատիտղոսակի ռեժիսոր, այլ նաև ամենաշատը նկարված ռեժիսոր. «Նրան նկարելը եղել է շատ հաճելի ու հեշտ, ստեղծագործական առումով մարդ բավարարված էր զգում՝ նկարելով Փարաջանովին»:
Նա նշեց, որ ամաչում է, որ Ուկրաինում չկա Ս. Փարաջոնվի թանգարան:
«Տաս տարի է այդ հարցը բարձրացնում ենք: Գոնե պետք է փոքրիկ թանգարան բացել այն տանը, որտեղ նա բնակվել է: Ցավալի է, որ Վրաստանում նրա տունը չի պահպանվել»,- ասաց Յուրի Հարմաշը:
Նա նշեց, որ այցելել է Երևանում գտնվող Ս. Փարաջանովի տուն-թանգարան. «Հայերն ապրեն»:
Ուկրաինացի օպերատորը մայդանի 5000 նկար է արել:
«Մայդանը առաջին հերթին ոչ թե միայն մարդկանց խումբ էր, այլ արտահայտում էր ազգի համընդհանուր ոգին, ձգտումը դեպի ազատություն, արդարություն, պայքարը կոռուպցիայի դեմ»,- ասաց նա:
Լուսանկարչի խոսքով, նայելով մայդանում արված դիմանկարներին, կարելի է հստակորեն ասել, թե ովքեր են այնտեղ հավաքվածները, ոչ թե ավազակներ, ինչպես ներկայացնում են ԶԼՄ-ները.«իսկ Ռուսաստանն այլ լույսի ներքո է ներկայացնում մայդանը»:
Յ. Հարմաշը պատմեց, որ մայդան հաճախելիս ծանոթացել է Սերգեյ Նիգոյանի հետ. «Նա զգում էր իրեն Ուկրաինայի պաշտպաններից մեկը: Նկարեցի նրան, վերամշակեցի, ստացա հիանալի պատկեր: Ամեն օր մտածում էի՝ նկարը տպեմ, հանձնեմ Սերգեյին: Բայց այդպես էլ չհասցրեցի: Նա դարձավ այդ սարսափելի ռեժիմի, որը կար Ուկրաինայում, առաջին զոհը: Պարտք եմ զգում նրա ծնողների առաջ, պետք է անպայման նկարը նվիրեմ նրանց»: