Նախարարը` Արագածոտնում. Բուժհաստատություններում առկա են կադրային և նյութատեխնիկական հագեցվածության խնդիրներ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Թալինի, Ծաղկահովիտի, Աշտարակի և Ապարանի բժշկական կենտրոններում: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է բուժհիմնարկների շենքային պայմաններին, կադրային և նյութատեխնիկական հագեցվածությանը, դեղերով ապահովվածությանը, ընթացիկ աշխատանքներին:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Ա.Մուրադյանը նաև զրուցել է հիվանդների հետ, հետաքրքրվել նրանց վիճակով և բուժման ընթացքով:
Թալինի բժշկական կենտրոնում նախարարը, մասնավորապես, նշել է, որ նախարարությունը պատրաստ է կազմակերպել մարզերիորակյալ մասնագետների վերապատրաստումն արտասահմանյան լավագույն կլինիկաներում։ Դա կխթանի թե՛ մարզային հիվանդանոցներում բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը, թե՛ այդ կլինիկաների հետ մասնագիտական գործընկերային հարաբերությունների զարգացմանը։ Կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը ներկայացրել է, որ մշտապես հաջողությամբ համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով իրենց հիվանդանոցին կցված Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ: Իսկ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը ֆինանսավորել է այս կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վերանորոգումը և արևային էներգիայի համակարգի ներդրումը:
Թալինի բժշկական կենտրոնում է աշխատում սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանը, ով վերջերս կատարած անձնվեր աշխատանքի ու մասնագիտական հմտության շնորհիվ փրկել էր հիվանդներից մեկի կյանքը։ Ա.Մուրադանը բուժաշխատողի տոնի կապակցությամբ, մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու և սահմանայինվիճակում գտնվող հիվանդի կյանքը փրկելու համար նրան պարգևատրել է պատվոգրով։
Իսկ ահա Ծաղկահովիտի բժշկական կենտրոնը վերանորոգման և արդիականացման խիստ կարիք ունի։ Չնայած դրան, կենտրոնում աշխատում են բանիմաց և նվիրված մասնագետներ, նրանց թվում` սիրիահայ վիրաբույժ Բյուզանդ Քաղքեչյանը: Շրջայցի ընթացքում կենտրոնի այցելուներն իրենց գոհունակությունն են հայտնել մասնագետների պատրաստվածության և հոգատարության համար և խնդրել նախարարին աջակցել հիվանդանոցի արդիականացման գործին: Վերջինս վստահեցրել է, որ նախարարությունը մարզային իշխանությունների հետ համատեղ աշխատանքներ կիրականացնի, որպեսզի Համաշխարհային բանկի մարզային հիվանդանոցների արդիականացման առաջիկա ծրագրում ընդգրկվի նաև Ծաղկահովիտի բժշկական կենտրոնը:
Աշտարակի բժշկական կենտրոնը թեև հինգ տարի առաջ հիմնանորոգվել է, բայց ինժեներական ոչ ճիշտ լուծումների պատճառով կրկին լուրջ վերանորոգումների անհրաժեշտություն կա: Ինչ վերաբերում է Ապարանի բժշկական կենտրոնին, ապա վերջինս 2011 թ-ին Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում հիմնանորոգվել և արդիականացվել է, ինչի շնորհիվ այն իր տեխնիկական հագեցվածությամբ և բուժօգնության կազմակերպման որակով չի զիջում մայրաքաղաքի հիվանդանոցներին:
Բոլոր բժշկական կենտրոններում նախարարը հետաքրքրվել է շտապ օգնության և լաբորատոր-գործիքային ծառայության հնարավորություններով և առկա խնդիրներով, իսկ ավելի ուշ Արագածոտնի մարզպետարանում մարզպետի և բուժհիմնարկների ղեկավարների մասնակցությամբ ափոփվել են այցի արդունքները:
«Մարզերի բուժհաստատություններում հիմնականում առկա են կադրային և նյութատեխնիկական հագեցվածության խնդիրները: Նախարարությունը ամեն ջանք կգործադրի` աջակցելու կադրերով ապահովմանը, սակայն այս գործում ավելի մեծ անելիքներ ունեն հենց բուժհիմնարկները, համայնքները և մարզպետարանը»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը: Նրա գնահատմամբ` յուրաքանչուր մարզի համար որակյալ մասնագետներ ունենալը հպարտության մեծ առիթ պետք է լինի:
Նախարարը բժշկական կենտրոնների ղեկավարների ուշադրությունն է հրավիրել նաև ընդունարաններում առաջին բուժօգնության հնարավորությունները լիցենզիոն պահանջներին համապատասխանեցնելու և մասնագիտական անհրաժեշտ հմտություններ ապահովելու խնդրի վրա: Նա մարզային հիվանդանոցների ղեկավաներին առաջարկել է նախարարության մասնագետների խորհրդատվությամբ կազմակերպել միանգամից մի քանի հիվանդների ընդունման ուսումնամեթոդական վարժանքներ:
Առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպիչը հորոդորել է նաև քայլել ժամանակին համընթաց, օգտվել Երևանի առաջատար բժշկական կենտրոնների հետ հեռակապի հնարավորությունից, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներ իրականացնել էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում ընդգրկվելու համար:
ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակը նախնական հաշվարկներ է կատարել, թե որքան գումար է անհրաժեշտ Ծաղկահովիտի և Աշտարակի հիվանդանոցների արդիականացման համար: Ա. Մուրադյանը նշել է, որ լրացուցիչ նոր հաշվարկներ կարվեն և կներկայացվեն հանրապետության վարչապետին` հնարավորության դեպքում նաև այս կենտրոնները Համաշխարհային բանկի վարկային առաջիկա ծրագրերում ընդգրկելու նպատակով:
Անդրադառնալով պոլիկլինիկական ծառայություններին` նախարարն ընդգծել է, որ հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացմանը զուգընթաց կարևորվում է հիվանդությունների կանխարգելումը և վաղ հայնտաբերումը: Ինչպես նաև բուժհիմնարկների ղեկավարներին հորդորել է ուժեղացնել հսկողությունը դեղերի ձեռքբերման, պահպանման և կիրառման գործընթացի հանդեպ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա