ՀՀ-ում Իրանի դեսպան. Իրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտար ուժի տեղակայմանը
«Եթե կա բանակցային գործընթաց, ինչի՞ պետք է ձեռք մեկնել զենքի: Մեր համոզմունքն է՝ ցանկացած տարաձայնություն, հակամարտություն պետք է լուծում ստանա խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:
Ըստ նրա, Իրանը դեմ է ցանկացած բռնության, ծայրահեղականության, պետք է հարգվեն միջազգային սկզբունքները. «Մենք ընդհանրապես ցանկություն չունենք, որ տարածաշրջանում որևէ անկայություն լինի, քանի որ այն վնաս կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին: Իրանը բազմիցս հայտարարել է, որ եթե կողմերը ցանկանան, ինքն էլ կարող է նպաստել խնդրի լուծմանը»:
Մոհամմադ Ռեյիսին ասաց, որ Մինսկի խումբն աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ, նրանք որևէ արդյունքի պետք է հասնեն: Ըստ նրա, քիչ է հավանականությունը, որ ռազմական գործողությունները վերսկսվեն: Ինչ վերաբերում է շփման գծում խաղաղապահ զորքերի տեղակայմանը, դեսպանն ասաց, որ այդ հարցը պետք է լուծեն Հայաստանը, Ադրբեջանն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«Իրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտար ուժի տեղակայմանը: Դա կվտանգի ամբողջ տարածաշրջանը»,- ասաց Մոհամմադ Ռեյիսին:
Դեսպանը նաև վստահ է, որ Հայաստան-Նախիջևան-Իրան սահմանային հատվածում որևէ իրադարձություն տեղի չի ունենա. «Ինչ վերաբերում է այդ հատվածում թուրքական ստորաբաժանման գոյությանը, վստահ չեմ, որ համապատասխանում է իրականությանը, առաջին անգամ եմ լսում այդ մասին»: