ՔԱԳՎ. Հայաստանից դեպի Ուկրաինա չվերթների փոփոխություն չկա
Հայաստանից դեպի Ուկրաինա և հակառակ ուղղությամբ իրականացվող չվերթներում որևէ փոփոխություն չկա: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Հրանտ Միրզոյանը:
Նրա խոսքով, այս պահին դեպի Ուկրաինա ուղևորափոխադրումներ է իրականացնում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը:
Նշենք, որ «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, անվտանգության ապահովման նպատակով Ուկրաինայի օդային տարածքով չվերթներ իրականացնելուց հրաժարվել են ռուսական «Աէրոֆլոտ», «Տրանսաէրո», գերմանական «Լուֆտանզիա», ֆրանսիական «Էյր Ֆրանս», թուրքական «Թուրքիշ էյրլայնս» ընկերությունները: Նրանք նման որոշում կայացրել են Դոնեցկում մալայզիական «Բոինգ-777»-ի վթարից հետո: Ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 295 մարդ՝ 15-ն անձնակազմի անդամներ են եղել, 280-ը՝ ուղևոր: