Ձկան պաշարների հսկողությունը պատշաճ մակարդակի վրա չի գտնվում. Բարդուխ Գաբրիելյան
Նախորդ տարվա համեմատ այս տարի Սևանա լճում որոշ ձկնային պաշարներ ավելացել են, սակայն դրան զուգահեռ ավելացել է նաև որսագողությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Ինչ վերաբերում է հսկողությանը, նա նշեց, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս այն պատշաճ մակարդակի վրա չի գտնվում:
«Շուկաներում և խանութներում այսօր տեսնում ենք, որ ազատ վաճառվում են սիգ, կողակ, բեղլու ձկնատեսակները, որոնց որսը արգելվում է»,- ասաց Բ.Գաբրիելյանը և հույս հայտնեց, որ բնապահպանության նորանշանակ նախարարը կփորձի այս վիճակը ինչ-որ ձևով շտկել:
Ըստ նրա` պետք է հստակ միջոցներ ձեռնարկվեն որսագողությունը վերացնելու համար, ինչը կապահովի ձկների բնական պոպուլյացիան։
Նա միաժամանակ նշեց, որ այն գետերը, որոնց վրա ձվադրություն են ունենում ձկները, դրանց սանիտարական վիճակն անբավարար է: Այդ գետերի վրա փոքր ՀԷԿ-եր են կառուցվում, գյուղացիները ոռոգման ջուր են օգտագործում, էկոլոգիական նորմերը չեն պահպանում, ինչն էլ բերում է էկոհամակարգերի դեգրադացիայի:
«Սա կարևոր հարց է, քանի որ այս դեպքում չենք կարող ունենալ բնական ձվադրություն: Եթե չունենք ձկան բնական վերարտադրություն, ապա չի կարելի խոսել ձկան պաշարների վերականգնման մասին»,- ասաց նա:
Այդուհանդերձ, նա ողջունելի քայլ համարեց այն, որ այսօր Սևան է բաց թողնվում արհեստականորեն աճեցրած իշխան մանրաձուկը, ինչի արդյունքում Սևանում կավելանան իշխանի պաշարները:
Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանական և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն էլ անդրադառնալով Սևանի խեցգետնի պաշարներին՝ ասաց, որ այսօր ձկնարտադրությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսություններ գետերի միջոցով հեռացնում են աղտոտված նյութերը, ինչի արդյունքում մեծ վնաս են հասցնում խեցգետիններին: Ըստ նրա` գետերի ցանկացած փոքր վարակի դեպքում խեցգետնի տեսակը հսկայական կորուստ կարող է ունենալ:
Ինչ վերաբերում է խեցգետնի պաշարներին, նա նշեց, որ լուրջ կրճատում չի նկատվել, մի փոքր աճ է նկատվել, բայց դա չի նշանակում, որ ընդհանուր միտումը դեպի աճ է գնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան