«Լինելու է ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիր». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար
«Հրապարակ»-ը ներկայացրել է հարցազրույց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի հետ:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցության տարբերակներին, նա ասել է. «Մենք խորհում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագա իրավական հիմքի (համաձայնագրի) շուրջ և Հայաստանի հետ շուտով կսկսենք լրջորեն մտածել այդ ուղղությամբ: Մենք համագործակցության առումով չենք որոշելու ԻՆՉ-ը, այլ ԻՆՉՊԵՍ-ը: Այն, ինչ այս պահին կարելի է վստահորեն ասել՝ լինելու է նոր փաստաթուղթ, որը կփոխարինի ԵՄ-Հայաստան համագործակցության ներկա իրավական հիմքին՝ «Գործընկերության և համագործակցության համաձայնագրին»: Թե Հայաստան-ԵՄ հարաբերությունների այդ նոր կարգավորող հիմքն ինչ անվանում և բովանդակություն կունենա՝ դեռ պետք է տեսնենք: Խնդիրն այն է, թե ամբողջ ԵՄ-Հայաստան համագործակցությունն ինչպես է իրականացվելու, ինչ կարգավորող հիմքով: Նոր համաձայնագիրը՝ ինչպես էլ այն կոչվի, ինչ բովանդակություն էլ ունենա, գործադրման մեխանիզմներ է պարունակելու, Հայաստան-ԵՄ համագործակցության կարգավորող մեխանիզմ: …Տարվա ընթացքում մենք նաև ունենք ԵՄ-Հայաստան Համագործակցության խորհրդի և Համագործակցության կոմիտեի նիստեր, որը ներառում է նախարարների և հանձնակատարների մակարդակ: Բոլոր այդ հանդիպումները միանգամայն կարևոր են, բայց էլ ավելի կարևոր է, որ մենք աշխատենք Վիլնյուսի գագաթաժողովի հռչակագրի Հայաստանին վերաբերող դրույթների ուղղությամբ և ԱլԳ Ռիգայի գագաթաժողով մեկնարկեք նշանակալից ձեռքբերումներով»: