Լևոն Հայրապետյանի հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չկա. Փաստաբան
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի փաստաբանների համար դեռևս հասկանալի չէ, թե հատկապես ինչ հանցագործությունների համար է կասկածվում գործարարը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լևոն Հայրապետյանի փաստաբաններից Ռուբեն Մարգարյանը:
«Քննիչն ասում է, թե Լևոն Հայրապետյանը ինչ-որ ձևերով մասնակցել է բաժնեմասերի` արտերկիր փոխանցելու համար կատարված գործարքներին: Բայց դրա վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել», -հավելեց փաստաբան Մարգարյանը:
Նա հաստատեց տեղեկությունները, որ Հայրապետյանը ձերբակալվել է մոսկովյան Դոմոդեդովո օդանավակայանում: Ինչ վերաբերում է հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանի` Հայրապետյանին կալանավորելու մասին որոշմանը, ապա փաստաբանի պնդմամբ` այն «անհիմն է ու անօրինական»:
«Բասմանյան դատարանը անհիմն ու անօրինական որոշում է կայացրել` կալանավորելով Լևոն Հայրապետյանին: Բայց ինչ արած, մեզ մոտ այդպես է` եթե քննիչները միջնորդություն են ներկայացնում, ապա դրանք բավարարվում են ու մարդիկ կալանավորվում են», -հավելեց մեր զրուցակիցը:
Այս պահին պաշտպանական կողմի թիվ մեկ խնդիրը նրան ազատելն է, քանի որ Հայրապետյանն ունի մի շարք հիվանդություններ, որոնց առկայության դեպքում բանտում մնալ չի կարելի:
«Այժմ Հայրապետյանը պետք է համալիր բուժզննում անցնի և առաջիկա երկու շաբաթվա ընթացքում բժիշկները պետք է որոշեն` կարելի՞ է նրան մնալ բանտում, թե՞ ոչ», -հավելեց փաստաբանը:
Ընդհանրապես, պաշտպանական կողմը տրամադրված է բոլոր հնարավոր օրինական միջոցներով պաշտպանել Հայրապետյանին ու այնպես անել, որ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվի:
«Մենք պետք է ցույց տանք, որ անհիմն է նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը: Հանցագործությունը, որը կատարելու համար նրան մեղադրում են, տնտեսական բնույթ ունի, իսկ ՌԴ Քրեական դատավարության օրենսգրքով, այդ հանցագործությունների համար կալանք չի կիրառվում», -նկատեց Ռուբեն Մարգարյանը:
Մեր դիտարկմանը, թե որոշ շրջանակներ պնդում են, որ Հայրապետյանի հետ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի և հարցին` ինքն ինչ կարծիքի է, Ռուբեն Մարգարյանը պատասխանեց. «Եթե անկեղծ, ապա այս գործում ես որևէ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում: Կա հարուցված քրեական գործ, կա նախաքննական մարմնի միջնորդություն և կա կալանավորելու որոշում: Որտե՞ղ է այստեղ քաղաքականությունը»:
Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ:
Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից:
Հարակից հրապարակումներ`
Հայրապետյանի փաստաբանները կբողոքարկեն դատարանի որոշումը (Տեսանյութ)
Պաշտոնական Ստեփանակերտը անտարբեր չէ Լևոն Հայրապետյանի հետ կատարվածին
Լևոն Հայրապետյանը կալանավորվեց. Դատարանը բավարարել է միջնորդությունը
Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը վերջնական չէ. Փաստաբան
Լևոն Հայրապետյանի եղբայրը քաղաքական հաշվեհարդար է համարում եղբոր ձերբակալությունը
Ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը
Լևոն Հայրապետյանի ձերբակալության և գործ հարուցելու հետևում քաղաքական պատվեր է կանգնած. Կոմանդոս
Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել