ՀՀ-ում Իրանի դեսպան. Հայաստանի իշխանությունը մշտապես հաշվի է առնում երկրի շահերը
Հայաստանի տարածքով էներգակիրների տարանցման համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք, որը կապված է մեծ ներդրումների ու ժամանակի հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:
«Մի երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ է 3-4 միլիարդ դոլարի ներդրում, նույնը նաև գազամուխի հետ կապված: Այսինքն` Հայաստանի տարածքով էներգակիրների տարանցման համար անհրաժեշտ է համապատասխան տրամաչափի խողովակաշար, որևէ այլ խնդիր չկա Հայաստանի միջոցով գազ տարանցելու հարցում»,- նշեց դեսպանը:
Նրա խոսքով, Հայաստան-Իրան գազամուղը երբ նախագծվել էր, գուցե այդ ժամանակվա համար այն հարմար է եղել, բայց այժմ հարմար չէ, քանի որ այդ տրամաչափի խողովակներով հնարավոր չէ տարանցում իրականացնել:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կազդի Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների վրա, Մոհամմադ Ռեյիսին ասաց. «Այդ միությանը Հայաստանի անդամակցությունը Հայաստանի կառավարության որոշումն է, պայմանավորված է Հայաստանի շահերով: Հայաստանի իշխանությունը մշտապես հաշվի է առնում Հայաստանի շահերը, չի անի այնպիսի քայլ, որը վնասի երկրի շահերին: Ինչ վերաբերում է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա ազդեցությունը, որևէ բան չեմ կարող ասել, քանի որ չգիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ միությունը: Երբ լինի փաստաթուղթը, ծանոթանանք դրա բովանդակությանը, ուսումնասիրենք այն, այդ ժամանակ էլ կարող ենք ասել, արդյոք այն բխում է մեր շահերից, ազդելու է մեր տնտեսական հարաբերությունների վրա, թե ոչ»: