Քրիստոսի 12 առաքյալների և Սբ. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի 12 առաքյալների և Սբ. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը: Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները:
«Եվ նա իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10:1): Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբոս (Ալփյան), Շմավոն (Կանանացի) և Հուդա առաքյալներն էին նրանք, նրանցից վերջինը եղավ Հիսուսի մատնիչը: Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը: Հավատարիմ Հարուցյալ Հիսուսի վերջին պատգամին, (տես Մատթ. 28:18-19) առաքյալները Հիսուսի պատվիրանները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, «մկրտեցին նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով»՝ այդպիսով դառնալով Քրիստոսի եկեղեցու հիմնադիրները:
Քրիստոսի պատվիրանների ամենամեծ քարոզիչներից է Ս. Պողոս առաքյալը, ում քրիստոնյա եկեղեցին ճանաչում է 13-րդ առաքյալ: Առաքյալների գործունեությանն է նվիրված Աստվածաշնչի «Գործք Առաքելոց» գիրքը: Իսկ Պողոս առաքյալի քարոզչության, անձի ու գործունեության վավերագրեր են նաև Ս. Պողոս առաքյալի թղթերը՝ 14 նամակները, հաստատված եկեղեցական համայնքների ու անհատ քրիստոնյաների կողմից:
Qahana.am կայքից տեղեկանում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Ս. Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար Վարդավառից մեկ շաբաթ առաջ, Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը: Հայ եկեղեցու տոնացույցում կան նաև առաքյալների հիշատակության առանձին տոներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները