Նստակյաց աշխատանքը կամ նստելու դիրքը ողնաշարի վրա բացասական ազդեցություն չեն կարող ունենալ. օրթոպեդ
Ֆիզիկական ակտիվությունը չի կարող ողնաշարի ծռում առաջացնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արաբկիր բժշկական համալիրի վնասվածքաբան-օրթոպեդ Արա Անթառանյանը:
Ըստ նրա` թյուր կարծիք է նաև, թե նստակյաց աշխատանքը կամ նստելու դիրքը ողնաշարի վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ:
«Կարծիքներ կան, թե նստելու ձևից, պայուսակ կրելուց, քնելու տեղից երեխաների մեջքը կարող է թեքումներ ձեռք բերեն: Բարեբախտաբար նման բան չկա, հակառակ դեպքում` վաղուց արգելված կլինեին թե դպրոցական պայուսակները, թե գրքերը: Դպրոցական պայուսակի ծանրությունը կարող է բերել որոշակի հոգնածության, որն էլ կարելի է լուծել սպորտային ակտիվությամբ»,- ասաց Ա.Անթառանյանը :
Նրա խոսքերով` հաճախ հետազոտությունները ցույց են տալիս, որ ողնաշարում առկա ցավերը կապված են հոգնածության հետ:
Ա.Անթառանյանը միաժամանակ նշեց, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում ունենք ծայրահեղություններ:
Մարդիկ կան, որ երկար ժամանակ աշխատավայրում նստած աշխատում են, ինչպես նաև կա մեկ այլ` «ալտերնատիվ» տարբերակը. չունենալով որևէ աշխատանք, մարդիկ ամբողջ օրն անցկացնում են համակարգչի կամ հեռուստացույցի առաջ: Երկու դեպքում էլ ի հայտ է գալիս մկանների հոգնածության խնդիր. մեկը` չափից դուրս անգործության պատճառով, մյուսը` չափից դուրս լարվածության պատճառով:
«Դրա դեմ միակ դեղատոմսը ֆիզիկական ակտիվությունն է: Չկան հատուկ սպորտային վարժություններ, որոնք ցուցված կամ հակացուցված են: Մենք միշտ խորհուրդ ենք տալիս ընտրել սպորտաձև` կոնկտրետ անձի նախասիրությունից ելնելով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ճարպակալմանը, օրթոպեդը բացառեց, որ դրա հետևանքով ողնաշարային լուրջ խնդիրներ կարող են առաջանալ:
Ճարպակալումը նույնպես, ըստ նրա, կարող է ընդամենը հոգնածություն առաջացնել: Ա.Անթառանյանը նշեց, որ իդեալական կառուցվածք ունեցող միջին տարիքի առողջ մարդու մոտ հաշվարկել են, որ ողնաշարի հետին էլեմենտները կրում են քաշի մոտ 18 տոկոսի ծանրաբեռնվածություն: Բնականաբար, եթե բալանսը փոխվում է, ապա դա բերում է ողնաշարի հոգնածության:
Անդրադառնալով երեխաների ողնաշարային խնդիրներին, վնասվածքաբանը նկատեց, որ վաղ մանկական տարիքի երեխաների շրջանում, ամենատարածված օրթոպեդիկ հիվանդություններից մեկը սկոլիոզն է, որը կապված է ողնաշարի կառուցվածքի փոփոխության հետ: Դա բնածին է, և ձևավորվում է սաղմնային շրջանում` հղիության առաջին շաբաթների ընթացքում, նույնիսկ այն շրջանում, երբ կինը տեղյալ չէ, որ հղի է : Դա վերագրում են թթվածնային քաղցի, ինչպես նաև ֆոլաթթվի դեֆիցիտի հետ:
«Դրա համար նախքան հղիությունը պլանավորելը, կանանց խորհուրդ ենք տալիս ֆոլաթթվի դեղաչափ ստանալ, որպեսզի նման խնդիրներից խուսափեն»,- ասաց Ա.Անթառանյանը :
Ինչ վերաբերում է թթվածնային քաղցին,ապա դա կարող է կապված լինել ծանր ֆիզիկական աշխատանքով, գյուղատնտեսական ծանր աշխատանքով, հղիի սպորտային ակտիվությունը, ծխելը նույնպես կարող է ազդեցություն ունենալ :
Հարցին, թե արդյոք Հայաստանում ողնաշարային հիվանդությունների աճ է նկատվում, վնասվածքաբանն ասաց, որ դրա համար պետք է նախ համապարփակ ուսումնասիրություններ անցկացվել, սակայն չի կարծում, որ աճ կա : Ըստ նրա` մեջքի ցավերից գանգատվող 100 հիվանդից ռեալ բուժման կարիք ունի 5-ը : Իսկ 90-95-ին պարզապես խորհուրդ է տրվում փոխել կենսակերպը:
« 40 և ավելի բարձր տարիքի մարդիկ տարվա ընթացքում գոնե մեկ անգամ բողոքում են մեջքի ցավերից, սակայն չենք կարող ասել, որ ողնաշարային խնդիրներ ունեցող մարդկանց թիվն ավելանում է»,- ասաց Ա.Անթառանյանը :
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա