Հետաքրքիր մանրամասներ Հովիկ Աբրահամյանի՝ ՌԴ կատարած այցից. «ՉԻ»
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ նոր հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՌԴ կատարած այցից: Հիշեցնենք, որ օրեր առաջ նորանշանակ վարչապետը առաջին աշխատանքային այցը կատարեց ոչ ավել ոչ պակաս Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունում: Սոչիում նրան հյուրընկալեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ երկու երկրների վարչապետները հանդիպման պաշտոնական մասում արարողակարգը ավարտելուց հետո որոշել են միասին ուղղաթիռով ճախրել Սոչիի երկնքում, որից հետո Մեդվեդևի առաջարկով՝ ջերմ զրույցը տեղափոխել են ավելի նեղ շրջանակ, նստել են մոտորանավակ ընդամենը մի քանի հոգանոց կազմով, որի մեջ եղել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ուղևորվել են դեպի Սև ծովի խորքերը, հավանաբար ավելի նեղ զրույցը քննարկելու բոլորի աչքից ու ականջից հեռու:
Ի դեպ, այդ այցից ևս մեկ հետաքրքիր նորություն. երկու վարչապետների միջև միգրացիայի վերաբերյալ համաձայնագրի կնքման արարողակարգը տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական լեզուներով: Ի հեճուկս Պուտինի դե յուրո պրոպագանդիստ Կիսելյովի Հայաստանում արած աղմկահարույց հայտարարության: