Հայաստանում մենինգակոկի ինֆեկցիայից առաջացած սուր մենինգիտի դեպքեր չեն գրանցվել. մանկաբույժ
Հայաստանում վերջին երկու ամիսներին դիտվում էր էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտների հիվանդացության աշխուժացում, սակայն վերջին օրերին հիվանդության դեպքերը կարծես թե նվազում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մանկաբույժ Էլմիրա Մինասովան:
Նրա խոսքերով` հիվանդությունն ունենում է սուր սկիզբ` բարձր ջերմություն, անտանելի գլխացավ, ընդհանուր թուլություն, անզուսպ փսխումներ: Հատկանշական է հիվանդների արագ ապաքինումը` առավելագույնը հոսպիտալացվում են 10 օր:
Ըստ Է.Մինասովայի` տարիքային և սեզոնային որևէ օրինաչափություն չկա. հիվանդանում են բոլորը, տարվա բոլոր եղանակներին: Սակայն դեպքերը գրանցվել են մինչև 18 տարեկանների շրջանում, գերազանցապես` 2-10 տարիքային խմբում:
Մանկաբույժի խոսքերով` դա վարակ է, որը փոխանցվում է և՛ օդակաթիլային ճանապարհով, և՛ շփվելով, սերտ կոնտակտի միջոցով: Է.Մինասովան միաժամանակ նշեց, որ մենինգիտ հիվանդություն չի գրացվել Հայաստանում:
«Մենիգակոկային ինֆեկցիան հանգեցնում է մենինգիտի: Հայաստանում, բարեբախտաբար, մենինգակոկային ինֆեկցիայից առաջացած սուր մենինգիտի դեպքեր չեն գրանցվել»,- ընդգծեց մանկաբույժը:
Նշենք, որ մենինգիտը գլխուղեղի և ողնուղեղի թաղանթների բորբոքումն է:
Ըստ նրա՝ վերջին շրջանում բնակչության զգոնությունը բավական բարձրացել է, ծնողները հենց նկատում են ջերմության բարձրացում, փսխումներ և գլխացավ երեխայի մոտ, անմիջապես բերում են հիվանդանոց:
Մանկաբույժը էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար խոհուրդ է տալիս պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, հազի և փռշտալու հիգիենան), միրգը և բանջարեղենը լավ լվանալ, խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, բնակարանը հաճախակի օդափոխել։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա