Սահմանամերձ գյուղերի դաշտերը՝ կրակահերթերի տակ. գյուղապետերը դիմել են ԿԽՄԿ
Ադրբեջանական դիրքերից կրակոցներ են հնչում Տավուշի մարզի դաշտերի ուղղությամբ ու խանգարում գյուղատնտեսական աշխատանքներին:
Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ երեկ կրակել են դաշտում աշխատող տեխնիկայի վրա:
«Հացահատիկահավաք կոմբայնի վրա են կրակել: Կոմբայնավարները թաքնվել են, ուշ ժամի տարածքից հանել ենք, ուրիշ տարածք ուղարկել, որ անվտանգ է»,- ասաց նա:
Գյուղի վրա ևս կրակոցներ լինում են, բայց դրանք, համայնքի ղեկավարի խոսքով, այդքան չեն անհանգստացնում, որքան դաշտերի ուղղությամբ հնչողները. «Հիմա ցորենի և գարու բերքն ենք հավաքում, չեն թողնում, որ գյուղացին աշխատի»:
Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն, որպեսզի միջնորդեն և գյուղացիները կարողանան անվտանգ շարունակել բերքահավաքը:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց, որ իրենց դաշտերի ուղղությամբ ևս կրակոցներ կան և խանգարում են աշխատանքներին:
Արարատ Ավալյանն էլ հավելեց, որ դիմել են, որպեսզի Կարմիր Խաչը միջնորդի կամ մարդ ուղարկի, որ կազմակերպության մեքենայով կանգնեն տարածքում, գյուղացիներն էլ կարողանան աշխատել և բերքահավաքն անել: