Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է սիրաշահել ԲՀԿ-ին. Վահրամ Բաղդասարյանի արձագանքը
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցն ամբողջությամբ ադրբեջանամետ էր ու հակասություններով լի: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում տեղ գտած առանձին հայտարարություններ:
«Դե պատկերացրեք, ասում է, որ միայն իշխանությունն է տիրապետում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ ուղղված բանակցությունների մասին ինֆորմացիային, իսկ իրենք չեն տիրապետում: Այդքանով հանդերձ, նման ելույթ են ունենում, իսկ եթե տիրապետեին, այդ տեղեկությունը մամուլի միջոցով կտրամադրվեր մեր թշնամիներին», -հավելեց ԱԺ Հանրապետական պատգամավորը` նշելով, որ ուրախ է, որ ընդդիմությունը չի տիրապետում նման տեղեկությունների:
Այդուհանդերձ, ըստ պատգամավորի, արժանահավատ չէ առաջին նախագահի հայտարարությունն այն մասին, որ ընդդիմությունը բանակցությունների ընթացքի մասին տեղեկություն չունի:
«Իրենց ձեռք է տալիս նման բան հայտարարել, որովհետև չկա այնպիսի բան, որ իրենք տեղյակ չլինեն: Մենք ասում ենք` ամեն ինչ գնում է իր նորմալ հունով, շտապողականություն պետք չէ ցուցաբերել: Շատ մոտ ժամանակներս իրենց բոլոր անհանգստությունները կփարատվեն, երբ կայանա համապատասխան հանդիպում ու հայտարարություններ հնչեն», -հավելեց պատգամավորը` հորդորելով բոլոր ընդդիմադիր ուժերին «ավելորդ հայտարարություններ» չանել:
ԱԺ Հանրապետական պատգամավորի համար, ինչպես ինքն ասաց, հաճելի չէ, որ երկրի առաջին նախագահը «շատ կոպիտ բառերով որակումներ է տալիս» պետության հասցեին: Նրա կարծիքով, դրանք վատ ազդակ կարող են լինել թշնամական կողմի համար:
Բաղդասարյանն անդրադարձավ նաև Տեր-Պետրոսյանի արտահայտած այն մտքին, որ ինքը քաղաքագիտական սպեկուլյացիաներով չի զբաղվում և նկատեց, որ նույն ոճով ակնարկներ են ուղղվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ուղղությամբ:
«Ցավում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դրանով իսկ բացահայտում է, որ իր իսկ ղեկավարած քաղաքական միավորը իրենից որպես ուժ չի ներկայացնում, և իշխանությունը հաշվի է նստում միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Տեր-Պետրոսյանը այդպիսով փորձում է սեպ խրել, թշնամանք առաջացնել իշխանության և ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժերի միջև: Դա իմ կարծիքով, սպեկուլյացիա է, ցավում եմ, որ նման քաղաքականություն է որդեգրել: Իսկ Հանրապետական կուսակցությունը բազմիցս ասել է, որ ինքը որևէ մեկին հետապնդելու խնդիր չունի, այլ համագործակցելու խնդիր է իր առջև դրել», -հայտարարեց Բաղդասարյանը:
ԲՀԿ-ին ուղղված Տեր-Պետրոսյանի ակնարկները, ըստ իշխանական պատգամավորի, «այդ ուժին սիրաշահելու նպատակ ունի»:
«Բայց ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն այն միամիտ քաղաքական ուժն է, որ պետք է լսի մեկ այլ քաղաքական ուժի հորդորները», -նկատեց Բաղդասարյանը: