ՀՀ բանկային համակարգում Ամերիբանկն ամրապնդում է դիրքերը առաջատարների շարքում
Հայաստանի բանկային համակարգում Ամերիաբանկը գրեթե բոլոր ցուցանիշներով աճ է արձանագրել: Ամփոփելով 2014 թվականի բանկի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներն` այս մասին այսօր ասաց Ամերիաբանկի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը:
Նրա խոսքերով` առաջին կիսամյակի արդյունքները վկայում են, որ Հայաստանի բանկային համակարգում Ամերիբանկն ամրապնդում է իր դիրքերը առաջատարների շարքում:
Ներկայացնելով ցուցանիշները` նա նշեց, որ բանկի ակտիվները նշված ժամանակահատվածում աճել են 9%-ով` կազմելով 343 մլրդ դրամ, պարտավորությունները` 10%-ով և կազմել 303 մլրդ դրամ, այդ թվում՝ հաճախորդներից ներգրաված միջոցներն աճել են 30%-ով` կազմելով 221 մլրդ դրամ: Գ.Թառումյանը միաժամանակ նշեց, որ այս ցուցանիշների գծով ՀՀ բանկային համակարգում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցվել է նվազում, մասնավորապես ակտիվների գծով 0.7 %-ի չափով, պարտավորությունների գծով` 2%-ի չափով, իսկ հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններն աճել են ընդամենը 1%-ով:
«Այսպիսով, Ամերիաբանկը ակտիվների, պարտավորությունների և հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների մեծությամբ շարունակում է պահպանել առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում»,- ասաց Գ. Թառումյանը` հավելելով, որ այս տեմպերը շարունակելու ենք պահպանել նաև մինչև տարեվերջ:
Ինչ վերաբերվում է վարկային ներդրումներին, ապա այստեղ աճը կազմել է 9%: Այս ցուցանիշով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է երկրորդ տեղը: Ըստ նրա` ՓՄՁ-ների վարկավորումը աճել է մոտ 15%-ով:
Անդրադառնալով ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներին, Գ.Թառումյանը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում դրանք աճել են 11%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում (30.06.2013-30.06.2014 թթ.)` 33%-ով` կազմելով 75 մլրդ դրամ:
Բանախոսի փոխանցմամբ՝ բանկի զուտ շահույթը ընթացիկ տարվա հունիսի 30-ի դրությամբ կազմել է 2,9 մլրդ դրամ, որի մասնաբաժինը շուկայում կազմել է 16%:
Ինչ վերաբերում է վարկային տոկոսադրույքներին՝ Գ.Թառումյանն ասաց, որ տոկոսադրույքների փոփոխություն բանկային համակարգում կա, բոլոր բանկերը իջեցնում են տոկոսադրույքները:
«Ամերիաբանկը տարվա մեջ երկու անգամ նվազեցրել է վարկերի տոկոսադրույքները` հատկապես խոշոր վարկառուների համար»,- ասաց Գ.Թառումյանը:
Ամերիաբանկի ֆինանսական տնօրենը հայտնեց նաև, որ 2014թ-ին Ամերիաբանկը մի քանի միջազգային ֆինանսական կառույցների կողմից ճանաչվել է որպես լավագույն ցուցանիշներով բանկ, այդ թվում՝ «Եվրոմանի-2014» գերազանցության մրցանակին՝ որպես «Տարվա լավագույն բանկ Հայաստանում», իսկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից արժանացել է «Տարվա գործարք-2013» մրցանակին:
Գ. Թառումյանը ներկայացրեց նաև տարվա ընթացքում բանկի կողմից իրականացրած ակցիաներն ու արշավները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան