ԼՂՀ ԱԺ-ն Լևոն Հայրապետյանի հետ կատարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցություններն ու պատգամավորական խումբը հայտարարություն են տարածել Ռուսաստանում կալանավորված գործարար Լևոն Հայրապետյանի հետ կատարվածի կապակցությամբ:
Հայտարարության մեջ նշվում է. «Ս.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը եւ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:
Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով և ձեռնպահ ենք մնում նաև քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ, Լևոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Համարում ենք, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից, հաշվի առնելով նաեւ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը:
Մեր կարծիքով, իբրև օրինապաշտ քաղաքացի և բարձրակիրթ անձնավորություն, Լևոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը և օգտակար կլինի` պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին: Կատարվածը մենք ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն եւ համոզված ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ և համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լևոն Հայրապետյանի անմեղությունը:
ԼՂՀ Ազգային ժողովի՝
«Դաշնակցություն» «Ժողովրդավարություն» «Հայրենիք» խմբակցություններ եւ «Արցախատուն» պատգամավորական խումբ
22 հուլիսի, 2014թ. ք.Ստեփանակերտ»