Ինչ պայմաններում են աշխատում հայերը թուրքական հանգստավայրերում
Ուկրաինական հակամարտության ֆոնին վերջին շրջանում շատացել են բախումները ռուսների և ուկրաինացիների միջև` գրեթե ամեն օր լրահոսում տեղեկատվություն է հայտնվում, թե այս կամ այն հանգստավայրում ծեծկռտուք է եղել նրանց միջև: «ԱԻՖ»-ը ևս գրել է այդ միջադեպերի թվի ավելացման մասին:
Լրատվամիջոցն այս անգամ անդրադարձել է նաև հայ-թուրքական նման մի միջադեպի, որը տեղի է ունեցել Անթալիա հանգստավայրում:
Թուրքական հյուրանոցներից մեկում ընթրիքի ժամանակ հանգստացողներն ականատեսն են եղել բախման` հյուրանոցի բարմենի և մերսողի միջև: Գոռոցների և ջարդվող ամանեղենի ձայնի վրա հավաքվածներն ականատեսն են դարձել, թե ինչպես է թուրք մերսողը դանակը ձեռքին վազում իրենից սարսափահար փախնող հայազգի բարմենի հետևից: Եվ եթե այդ պահին խոհարարը չկանգնեցներ ու ձեռքից չառներ դանակը, կատաղած մերսողին էլ չվռնդեր հյուրանոցի տարածքից` պարզ է, թե ինչպիսի ավարտ կունենար միջադեպը: Եվ ուշագրավն այն է, որ միջադեպի ականատեսները ոչ ոստիկանություն, և ոչ էլ տուրօպերատորին չեն ահազանգել:
«ԱԻՖ»-ը գրում է, որ միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ թուրք մերսողը բոլորի ներկայությամբ հայտարարել է, թե «ուզում է» հայազգի բարմենին` Էդիկին, քանի որ արդեն զզվել է ռուս կանանցից: Ներկաները միանգամից հիշել են հայ-թուրքական լարվածությունը և միջադեպը վերագրել դրան:
Միջադեպի ականատես Էդիկի մայր Աննան վատանում է, նրան տեղափոխում են հյուրանոցի նկուղային հարկ, որտեղ ցուցաբերում են առաջին օգնություն, սակայն հյուրանոցի տերն արգելում է դիմել ոստիկանություն, պատկան մարմիններին կամ բժիշկ կանչել` սպառնալով, որ այդ դեպքում Էդիկի ողջ ընտանիքին, որն իր մոտ աշխատում է ուղղակի բանավոր համաձայնությամբ` անօրինական, «քաղցր կյանք» կդասավորի: Իսկ եթե հայ ընտանիքն իրեն ճիշտ պահի, ապա հյուրանոցի տերը խոստացել է Էդիկի ընտանիքի անդամների համար տոմսեր գնել:
Հաջորդ օրը հյուրանոցի սեփականատերը հայտնել է, թե դանակով սպառնացող հայրենակցին հանձնել է ոստիկաններին, սակայն զբոսաշրջիկներն ամեն օր վերջինիս տեսել են լողափում: Միջադեպից հետո հանգստացողները պահանջել են, որպեսզի իրենց տեղափոխեն այլ հյուրանոց, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացրել, քանի որ գրեթե բոլոր հյուրանոցները այս սեզոնին զբաղված են:
Ինչ վերաբերում է հայ ընտանիքի հետագա ճակատագրին, ապա «ԱԻՖ»-ը տեղեկություններ չունի: