Ի.Կուխտա. ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները շատ փափուկ են
Ես ինքս ուկրաինացի եմ, կինս` ռուս, և մենք երբեք չենք կիսում մեր երեխաներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան` անդրադառնալով այն լուրերին, թե ռուսախոս բնակչությունը Ուկրաինայում ճնշումների է ենթարկվում: Դեսպանը հավաստիացրեց, որ նման բան չկա, Ուկրաինայում, Կիևում շատերը այսօր էլ խոսում են հանգիստ ռուսերեն և ոչ մի խնդիր չկա:
Ինչ վերաբերում է ուկրաինական հակամարտության ֆոնին միջազգային հանրության կողմից ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցներին, դեսպանն ընդգծեց` ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները շատ փափուկ են և իրապես չեն արտահայտում այն վերաբերմունքը, որ պետք է կիրառվեր Ռուսաստանի դեմ. «Միջազգային հանրությունը պետք է բոլորին կարգի հրավիրի, այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունն է դա պահանջում, բայց ՌԴ-ի հանդեպ կիրառվող պատժամիջոցները բավարար չեն, որպեսզի դադարեցվեն այն ագրեսիվ գործողությունները, որոնք առկա են Դոնեցկի, Լուգանսկի շրջաններում»:
Անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին, հատկապես հաշվի առնելով Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը, Ի.Կուխտան տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ Հայաստանում կանցկացվի հայ-ուկրաինական ժողով, որի ժամանակ կճշտվեն մեր պետությունների տնտեսական համագործակցության մանրամասները: Բայց վստահություն հայտնեց, որ հայ-ուկրաինական առևտրաշրջանառությունը, որը տասնամյակից ավելի պատմություն ունի, այնքան էլ հեշտ չէ խաթարել:
Հարակից հրապարակում`
Ուկրաինան փաստեր ունի, որ ինքնաթիռը ոչնչացրել են անջատողականները ` ՌԴ տրամադրած զենքով. Դեսպան