Ամռանը մեր սննդակարգում պետք է գերակայեն բուսական ծագման մթերքները. Բաբկեն Պիպոյան
Եթե երկրի բնակլիմայական պայմանները այնպիսին են, որ ամռան ժամանակահատվածում տվյալ երկիրը հարուստ է բուսական ծագմամբ մթերքներով, ապա նախընտրելի է, որպեսզի այդ շրջանում սննդակարգում գերակայեն բուսական ծագման մթերքներ: Այս մասին Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը` հավելելով, որ մենք ապրում ենք մի երկրում, որը հարուստ է բուսական ծագման մթերքներով:
Նրա խոսքերով` բոլորը ի վերջո պետք է գիտակցեն, որ կենդանական ծագման հումքը հանդիսանում է բարձր ռիսկային, և տարվա շոգ եղանակին պետք է խուսափել այդ սննդամթերքի օգտագործումից:
«Շոգ եղանակին կենդանական ծագմամբ մթերքի միկրոֆլորան փոխվում է, հատկապես, եթե պահպանման պայմանները չեն պահպանվում: Իսկ Երևանում այնպիսի շոգ եղանակ է, որ հաճախ տեղափոխման ժամանակ մթերքների պահպանման ժամկետները խախտվում են»,- ասաց Բ.Պիպոյանը:
Նա միաժամանակ նշեց, որ ոչ բոլոր իրացման ցանցերի սառնարաններն են ապահովում մթերքի վրա նախանշված ջերմաստիճանը, խոսքը հատկապես վերաբերում է կաթնամթերքին, հրուշակեղենին և մսամթերքին:
Բ.Պիպոյանը խորհուրդ տվեց այս շրջանում հնարավորինս խուսափել կրեմային հրուշակեղենի օգտագործումից, իսկ կաթնամթերքն ու մսամթերքը ձեռք բերել բացառապես այն վայրերից, որտեղ սննդամթերքի պահպանման կանոնները հաշվի են առնվում:
Ի դեպ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահը նշեց, որ օրինակ` սուպերմարկետներում առկա բաց սառնարանները, որոնք նախատեսված են կաթնամթերքի համար, իրականում չեն ապահովում այն ջերմաստիճանը, որը հարկավոր է կաթնամթերքի պահպանման համար: Մինչդեռ, ըստ Բ.Պիպոյանի, կրպակներ կան, որոնցում տեղադրված են կոնկրետ արտադրողների կողմից տրամադրված փոքր սառնարաններ, որոնք ավելի լավ են ապահովում նախատեսված ջերմաստիճանը, հատկապես, եթե դրանք արևի տակ դրված չեն:
«Ի վերջո սպառողները պետք է գիտակցեն, որ չի կարելի յոգուրտ կամ երշիկ գնել շուկաներից: Ցավոք սրտի, ականատես ենք լինում այնպիսի տեսարանների, երբ շուկաներում 40 աստիճան ջերամստիճանի պայմաններում սեղանների վրա վաճառվող մսամթերքն ու կաթնամթերքը սպառողները գնում են` առանց հաշվի առնելու, թե դրանք ինչ պայմաններում են պահպանվում»,- ասաց Բ.Պիպոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները