Վիրահայոց թեմի առաջնորդը խնդրանք է փոխանցել Համայն Վրաստանի կաթողիկոսին
Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Պատրիարքարանում հուլիսի 22-ին կայացել է հանդիպում Վրաց Եկեղեցու Պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար և Զուգդիդի և Ցաիշի միտրոպոլիտ Գերասիմի և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջև, որին մասնակցել են նաև Պատրիարքարանի մամլո խոսնակ Միքայել Բոտկովելին և Վիրահայոց թեմի սոցիալական ծառայության ղեկավար Միքայել Ավագյանը: Այդ մասին տեղեկացնում են Վրաստանի հայկական համայնքից:
Կողմերը քննարկել են հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը և համարել են անթուլատրելի Վրաստանում ազգամիջյան կամ կրոնական խտրականության դրսևորումները ընդգծելով, որ Վրաստանը դարերով եղել է բազմազգ և բազմակրոն երկիր, որտեղ ժողովուրդները ապրել և ստեղծագործել են միասին:
Հանդիպման մասնակիցները կարևորել են հայ և վրաց միջեկեղեցական հարաբերությունները և դարերով ձևավորված բարեկամությունը: Անդրադառնալով միջադեպին, Վիրահայոց թեմի առաջնորդն ընդգծել է, որ եկեղեցու մոտ տեղի ունեցածում թեև կան կենցաղային և խուլիգանական դրսևորումներ, բայց, ցավոք, առկա է նաև ազգային անհանդուրժողականության արտահայտություն, ինչը անթուլատրելի է մեր հասարակությունում:
Թեմի առաջնորդը դիմել է միտրոպոլիտ Գերասիմին, որ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ, վրաց եկեղեցու համայնքներում առավել մեծ տեղ հատկացվի հանդուրժողականության և քրիստոնեական սիրո քարոզչությանը:
Հանդիպման ավարտին երկուստեք արժևորելով հայ և վրաց ժողովուրդների հազարամյակներով կողք-կողքի ապրելու պատմությունը և ավանդությունները, հորդորել են ժողովրդին՝ ապրել սիրո և խաղաղության մեջ: Նրանք հույս են հայտնել, որ իրավապահ մարմինները կգտնեն կազմակերպիչներին և մեղավորներին՝ Վրաստանում ժողովուրդների միջև ցանկացած պառակտում կանխելու նպատակով:
Հարակից հրապարակում`
Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա, հնչել են կրակոցներ, կան տուժածներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան