Ինչո՞ւ են միշտ նույն փողոցներն ասֆալտապատվում. Փոխքաղաքապետի բացատրությունը
Երևանում 2014 թվականին կասֆալտապատվի շուրջ 2 միլիոն քառակուսի մետր ճանապարհ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հայտնեց, որ 600 հազար քառակուսի մետրն արդեն ասֆալտապատված է:
«Մայրաքաղաքում 23 փողոց կհիմնանորոգվի: 20 փողոցներում արդեն մեկնարկել են աշխատանքները, մոտ օրերին կսկսվեն նաև մյուսները: Նշեմ, որ 23-ից ընդամենը 2-ն են Կենտրոն վարչական շրջանում, մյուս փողոցները ծայրամասերում են, որոնք տարիներ շարունակ չեն բարեկարգվել: Աշխատանքների տեմպերն ակտիվ են, ժամանակացույցը չի խախտվում: Գոհացուցիչ արդյունքներ ենք գրանցում»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ են միշտ նույն փողոցներն ասֆալտապատվում և ի՞նչ սկզբունքով է կատարվում ընտրությունը, Կամո Արեյանը պատասխանեց, որ կենտրոնի փողոցները, որոնք վերակառուցում-վերանորոգում են, տասնամյակից ավելի առաջ վերանորոգված փողոցներ են: Իսկ դրանց շահագործման միջին տևողությունը մինչև 11 տարի է, դրանից հետո քայքայվում են:
«Սրանք բանուկ, ծանրաբեռնված փողոցներ են, հագեցած են ստորգետնյա համակարգերով: Երևանի կոյուղատար համակարգի 80 տոկոսն ընկնում է երթևեկ հատվածի տակ: Համակարգը հագեցած է և տարանցիկ խողովակներով, և դիտահորերով: Միայն մեկ վթարի դեպքում դիտահորը շարքից դուրս է գալիս: Էլեկտրականություն մատակարարող կաբելային ցանցը, նախկին արմենթելի ողջ դիտահորերը ևս երթևեկի մասում են: Այս կառույցների պարբերաբար վթարները հանգեցնում են նաև ճանապարհների քանդմանը: Ֆիզիկական վիճակը դրանից հետո էապես փոխվում է: Մենք օրական տասից քսան վթար ենք ունենում կոյուղատար համակարգերում: Շահագործման ընթացքում նստվածքներ ենք ունենում: Հատկապես եզրաքարերը հավասարվել էին վերին մակերևույթին: Բացի այդ, նշված փողոցների գերակշիռ մասը տրանզիտ դեր կատարող, բեռնատարերով ծանրաբեռնված են»,- բացատրեց քաղաքապետի տեղակալը:
Նա նաև նշեց, որ ընթացիկ վերանորոգման կարիք ունի փողոցների գերակշիռ մասը:
«100-ից ավելի հատվածներ կան առ այսօր մայրաքաղաքում, որ գրունտային են»,- ասաց նա և հավելեց. «Դրանց ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց եթե կարևորագույն նշանակության փողոցները բաց թողնենք, մենք տանուլ կտանք»:
Կամո Արեյանը նաև ասաց, որ արդեն աշխատում են այն ճանապարհով, որ ստորգետնյա այդ կառույցները չվնասեն նոր բարեկարգվող փողոցները և դրանք մինչև փողոցի բարեկարգումը վերանորոգվեն:
Փոխքաղաքապետը նաև տեղեկացրեց, որ 90 տոկոսով ավարտված են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, ընթանում են կամրջային կառուցվածքների պահպանման, շահագործման և նորոգման աշխատանքներ: Մայրաքաղաքում թեքահարթակների թիվն այս տարի հնարավոր է հասնի մինչև 250-300-ի:
Կարդացեք նաև՝
Փոխքաղաքապետ. Երևանում մետրոյի երկու կայարանների կառուցման հարցը մնում է օրակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան