Թուրքիայի նախագահի թեկնածուն Հայոց ցեղասպանության հետ ռեալ առերեսվելու կոչ է անում
Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴՀ-HDP) առաջադրած հանրապետության նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը «NTV»-ի` «Խոսում են թեկնածուները» հաղորդման ժամանակ հայտնել է իր ապագա անելիքները նախագահ ընտրվելու դեպքում:
«Եթե ես ընտրվեմ, իմ առաջին գործը լինելու է Թուրքիայի օրակարգ բերել նոր սահմանադրություն: Միակ առաջնահերթությունս դա է: Անգամ եթե իմանամ 1 ամիս եմ լինելու նախագահ, դարձյալ ամենառաջին գործս դա է լինելու: Ցանկանում եմ, որ Թուրքիայում լինի նոր, ազատական և քաղաքացիական սահմանադրություն»,- ասել է Դեմիրթաշը` ընդգծելով, որ այդ նոր սահմանադրությամբ ոչ թե պետք է ավելանան նախագահի լիազորությունները, այլ դեռ մի բան էլ սահմանափակվեն:
Այնուհետև կարևորություն է տրվելու քրդական կարգավորման գործընթացն ավելի արագ առաջ մղելու հարցին` կայուն խաղաղություն ապահովելու համար: Դեմիրթաշը նշել է, որ հնարավոր չէ Թուրքիայի առաջիկա 100 տարվա տեսլականը ձևավորել առանց սրբագրելու անցյալում արած սխալները:
«Կա ժխտվող Հայոց ցեղասպանության հարց, կան Դերսիմի, Սիվասի, Մարաշի, Գեզիի հարցեր: Թուրքիայում չկա մի հատված, որը վնաս կրած կամ տուժված չլինի: Այս ամենի հետ ռեալ առերեսում անենք, որ եղբայրությունը մեր միջև ավելանա»,- նշել է Դեմիրթաշը:
Ըստ նրա` անցյալում կատարված վատ իրադարձությունները չպետք է անտարբերության մատնել, դա կարևոր է, որպեսզի հասարակության մեջ միմյանց հանդեպ վստահություն սերմանվի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրությունները: Առաջադրված թեկնածուները երեքն են.
1. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար
2. Էքմելեդդին Իհսանօղլու
Խոշոր ընդդիմադիր ուժերի առաջադրած միասնական թեկնածու
3. Սելահաթթին Դեմիրթաշ
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան