
«Այստեղ կրոնական և ազգային հանդուրժողականության խնդիր ունենք». Հովհաննես Մանուկյան
«Իմ ունեցած տեղեկություններով՝ միջադեպի սկզբնաղբյուրը եղել է կենցաղային վեճը, բայց, ցավոք սրտի, վերածվել է մեծ ընդհարման, որը հենց տեղի է ունեցել սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` անդրադառնալով Թբիլիսիի հայկական Սբ.Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպին:
«Անկախ նրանից` եղել է կենցաղային թե ոչ, այնուամենայնիվ, մենք այստեղ կրոնական և ազգային հանդուրժողականության խնդիր ունենք: Արդեն այդ ուղղությամբ համապատասխան հայտարարություններ արվել են Վիրահայոց թեմի և վրաց պատրիարքի կողմից»,- ընդգծեց Հ.Մանուկյանը` հավելելով, որ իրավիճակի բարելավման համար հարկավոր են ակտիվացնել միջեկեղեցական հարաբերությունները:
Բացի այդ, ըստ նրա, հայ և վրաց ժողովուրդների, ինչպես նաև դիվանագիտական տեսանկյունից հարաբերությունների ակտիվացման, ջերմացման, մշակութային փոխանակման և շատ այլ գործիքներ են հարկավոր:
«Վրաստանը մեր ռազմավարական ճանապարհն է, մեզ համար կարևոր արտաքին քաղաքական գործընկեր է, և մենք իրավունք չունենք այս ուղղությամբ չանել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերությունները մեր բարեկամ ժողովրդի հետ լինեն ամուր և ավելի խորանան»,- ընդգծեց Հ.Մանուկյանը:
Դիտարկմանը, թե արդյոք չի՞ կարծում, որ Վրաստանը երկար տարիներ վարել է այնպիսի քաղաքականություն, ըստ որի` հայկական եկեղեցիները փորձել է ներկայացնել որպես վրացական, նախարարը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում, քանի որ այստեղ վրաց պետության խնդիրը չկա: Իհարկե վիճելի խնդիրներ կան Վիրահայոց թեմի և վրաց եկեղեցու միջև, մասնավորապես, եկեղեցիների և եկեղեցապատկան սեփականության հետ կապված, սակայն կարծում եմ, որ սա միջեկեղեցական հարաբերությունների խնդիր է, որը, բնականաբար, չի կարող չազդել ընդհանուր հարաբերությունների վրա, բայց այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն»:
Նախորդող հրապարակումներ`
Վրաստանի ուղղափառ եկեղեցին դատապարտում է հուլիսի 20-ի միջադեպը