Օձերի ավելացումը փոխքաղաքապետը ոչ թե քաղաքի անապատացման, այլ տապի հետ է կապում
Կառուցապատման արդյունքում քաղաքի անապատացման և դրա հետևանքով օձերի շատացման տեսակետը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը չի կիսում: Նա համամիտ չէ և կարծում է, որ դրանք անհամատեղելի համեմատություններ են:
«Կենդանաբան չեմ, բայց մի բան կարող եմ վկայել հաստատ: Այս տարվա պես անբարենպաստ ամառ կանաչ գոտու և ծաղկի համար դեռ չի եղել: Երեկոյան քամին խորշակի տպավորություն է թողնում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրուցում ասաց նա:
Կամո Արեյանը հակադարձեց, որ այս ընթացքում մարզերում ավելի շատ են օձեր ի հայտ եկել, իսկ դա եղանակային պայմանների հետ է կապված. «Ուղղակի այս տարվա տապը, շատ ուժեղ շոգը, գումարած երեկոյան քամին… երբևէ այսպիսի անբարենպաստ ամառ չի եղել»:
Մինչդեռ բնապահպանները պնդում են, որ խիտ կառուցապատման արդյունքում Երևանը դարձել է անապատ ու քաղաքում օձերը և կարիճներն ավելացել են հենց դրա հետևանքով:
«Մենք չենք հասկանում, որ այս տարածքը կիսաանապատ է: Այն ժամանակ, որ Հյուսիսային պողոտան կառուցվում էր, ես այս մասին բարձրաձայնեցի, իսկ հիմա զարմանում են, որ քաղաքում օձերն ու կարիճներն ավելացել են: Որպեսզի մարդիկ կարողանան այստեղ ապրել, օձեր ու կարիճներ չլինեն, պետք է ֆաունան շատ լինի: Մենք Երևանը դարձրել էինք այդպիսին: Նման կառուցապատումները Երևանին նորից դարձրին անապատ»,- ավելի վաղ ասել էր «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ տնօրեն Կարինե Դանիելյանը:
Կարդացեք նաև՝
Երևանը դարձրել են անապատ ու հիմա զարմանում են, որ քաղաքում օձերն ու կարիճներն ավելացել են. Բնապահպան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները