Տարեվերջին կբացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը
Կառավարությունը որոշել է ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ և սահմանել, որ այդ պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը, ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Չնայած Կոմիտասի անգնահատելի մեծ դերին՝ նրա ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերն առ այսօր գտնվում են տարբեր կազմակերպությունների՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվներում և պահոցներում: 2013թ. մայիսի 30-ին ՀՀ նախագահը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու առաջարկով հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:
Թանգարան-ինստիտուտը կառուցվում է Կոմիտասի անունը կրող զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» հիմնադրամը:
Կառուցապատման ծախսը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Շենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում: Այս նախաձեռնությունը մշակույթի ոլորտի 2014թ. գերակա ուղղություններից է: Ձեռնարկը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակը, և 2014 թվականը հռչակվել է մեծ երգահանի տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները