Վարչապետը հանձնարարեց քննարկել «Նաիրիտ»-ի բաժնեմասերի մի մասը Որոտանի ՀԷԿ-ին հանձնելու նախագիծը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը ներկայացրեց «Հայգազարդ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող «Նաիրիտ գործարանի» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասի պարտքի դիմաց «Որոտանի» ՀԷԿ-ին հանձնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց երկու-երեք օր քննարկել այն, որից հետո միայն որոշում կայացնել:
Նշենք, որ որոշման համաձայն` «Հայգազարդ» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 53,27 տոկոս և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ Գործարան»-ի 3,5967 տոկոս՝ 8304,2 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով բաժնետոմսերը կօտարվի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ին:
Կառավարության հիմնավորման համաձայն` «Որոտանը» դրա դիմաց հանդիպական պահանջի հաշվանցով մարված է համարում «Հայգազարդ» ընկերության առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով:
Նույն որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարության հանդեպ «Հայգազարդ»-ի բյուջետային վարկերը և այլ պարտավորությունները կմարվեն ընկերության մի շարք ակտիվներ` ՀՀ ՊՆ-ի հանդեպ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը, Տեղ-Ստեփանակերտ գազատարը և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46,73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով:
Այսպիսով, «Նաիրիտ 2»-ի 46,73 տոկոս բաժնեմասը և Տեղ-Ստեփանակերտ գազատարը այս որոշմամբ նախատեսվում է հանձնման-ընդունման ակտով հանձնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և որպես ՀՀ սեփականություն գրանցելուց հետո ` ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել էներգետիկայի և բնական պաշարների նախարարին: