ԱՄՆ դեսպանատունը` դեպի Հայաստան թռիչքների անվտանգության մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դեպի Հայաստան օդային թռիչքների անվտանգության վերաբերյալ հաղորդագրություն է տեղադրել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որում նշում է հետևյալը.
«Մենք հարցումներ ենք ստանում դեպի Հայաստան օդային թռիչքների անվտանգության վերաբերյալ: Մենք դեպի Հայաստան թռիչքների վերաբերյալ որևէ սպառնալիքի մասին տեղեկացված չենք, բայց առաջարկում ենք կապվել ավիաընկերությունների հետ թռիչքների անվտանգության մասին լրացուցիչ տեղեկությունների համար:
Ամերիկայի քաղաքացիները, ովքեր ճանապարհորդելու են Ռուսաստանի Դաշնություն, պետք է տեղյակ լինեն, որ Պետդեպարտամենտը հրապարակել է ճամփորդական զգուշացում Ռուսաստանի համար, որի տեքստին կարող եք ծանոթանալ` այստեղ: ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր այցելելու են կամ բնակվում են Հայաստանում, խրախուսում ենք գրանցվել «Պետդեպարտամենտի խելամիտ ճանապարհորդների գրանցման» STEP ծրագրում: Այս ծրագրում գրանցվելը Ձեզ հնարավորություն է տալիս ստանալ Պետդեպարտամենտի անվտանգության զգուշացումները և մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ ԱՄՆ հյուպատոսւթյանը հնարավորություն է տալիս կապվել ձեզ հետ արտակարգ իրավիճակներում: Եթե դուք ինտերնետ կապ չունեք, ապա պարզապես գրանցվեք մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանում»:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին մալայզիական ավիաընկերությանը պատկանող Բոինգ 777-ը Ամստերդամ-Կուալա-Լումպոր չվերթն իրականացնելիս Ուկրաինայի տարածքում աղետի էր ենթարկվել, ինչի հետևանքով 298 մարդ մահացել էր: Կատարվածից հետո միջազգային մի շարք հեղինակավոր ավիաընկերություններ դադարեցրին թռիչքներ իրականացնել Ուկրաինայի տարածքում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Կիև-Երևան-Կիև չվերթը կատարվածից հետո իրականացվում է նոր փոխհամաձայնեցված երթուղով, որը նվազագույնը 200 կմ հեռու է ծավալվող իրադարձությունների վայրից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները