Եվրոպացի փորձագետը բարձր է գնահատել տուբերկուլոզի հաղթահարման ոլորտում Հայաստանի ձեռբերումները
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համապարփակ գնահատման առաքելությունը` առողջապահության նախարար Ա.Մուրադյանի հրավերով, հուլիսի 17-24-ը գտնվում էր Հայաստանում: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի և հանրային առողջության վարչության տնօրեն, եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի դեղակայուն տուբերկուլոզի հարցերով հատուկ հանձնակատար, դոկտոր Հանց Կլուգենն ընդգծել է, որ մեր երկիր կատարած այցն ուներ երկու հիմնական նպատակ:
«Մեր նպատակն էր տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի եռամյա աշխատանքի գնահատումը, ինչպես նաև Հայաստանի առողջապահության նախարարի հետ Հայաստանում հետագա համընդհանուր առողջապահական ծածկույթ ապահովելու հարցերի քննարկումը, որը ենթադրում է համապատասխան առողջապահական ծառայությունների ապահովում»,- ասել է պաշտոնյան, ինչի մասին տեղեկանում ենք ԱՆ պաշտոնական կայքից:
Փորձագետը բարձր է գնահատել տուբերկուլոզի հաղթահարման ոլորտում Հայաստանի ձեռբերումները` մասնավորապես հիվանդացության և մահացության շարունակաբար նվազող ցուցանիշները, դեղերի ժամանակին և անխափան տրամադրումը տուբերկուլոզով հիվանդներին, որակյալ լաբորատոր-ախտորոշիչ ենթակառուցվածքները, ինչպես նաև հակատուբերկուլոզային ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմների և կառուցվածքային բարեփոխումները:
«Նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպմանը մեր առաքելությունը նաև ներկայացրեց առաջիկա տարիներին տուբերկուլոզի դեմ պայքարի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելուն ուղղված առաջարկներ` կոչ անելով միջազգային բոլոր գործընկերներին շարունակել բազմակողմանի աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը հանրային առողջության տեսանկյունից այդ կարևոր հիմնախնդրի հաղթահարման նպատակով»։ Հանց Կլուգենի խոսքով` հունիսին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակ (Կոպենհագեն) կատարած այցի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման մեխանիզմները, ինչը ևս կնպաստի համատեղ առավել արդյունավետ ծրագրեր իրականացնելուն:
Տուբերկուլոզի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության գործում նա կարևորել է միջազգային կազմակերպությունների` «Գլոբալ» հիմնադրամի, «Բժիշկներ առանց սահմանների» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերը:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ուղեկցությամբ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի և հանրային առողջության վարչության տնօրեն Հ.Կլուգենը նախօրեին մասնակցել է նաև «Հայկական հոգեբուժական ասոցիացիա»-ի գործադիր վարչության և խորհրդի համատեղ նիստին, որի ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրներ, մշակվել ապագա համագործակցության հեռանկարները:
Աշնանը Հայաստան կժամանի ԱՀԿ մասնագետների խումբ` հոգեկան առողջության ոլորտում համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի նպատակն է 53 անդամ պետություններին օժանդակել առողջապահական և հանրային առողջության քաղաքականությունների և ռազմավարությունների, առողջության պահպանման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում:
Կազմակերպության հատուկ ուշադրության կենտրոնում են գլոբալ սպառնալիքները կանխելու և հաղթահարելու, հնարավոր վտանգները կանխատեսելու և հանրային առողջությունը բարելավելու հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա