Հայոց ցեղասպանությանը նվիրված թուրք ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում
Մի շարք կինոփառատոնների մրցանակների դափնեկիր, ազգությամբ թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Ակինի` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խզում» ֆիլմը կցուցադրվի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ը կայանալիք Վենետիկի 71-րդ կինոփառատոնում: Այս մասին տեղեկացնում է «Asbarez.com»-ը:
«Խզում»-ը պատմում է հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին, որ փրկվելով Ցեղասպանությունից, տարիներ անց պատահաբար հայտնաբերում է, որ իր զույգ աղջիկները կարող են ողջ լինել և սկսում է փնտրել նրանց` հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա:
138 րոպե տևողությամբ ֆիլմը անգլերեն տարբերակով է, սցենարը գրվել է ֆիլմի ռեժիսորի և Մարտիկ Մարտինի կողմից: Վենետիկի կինոփառատոնում ապահովվելու է նաև ֆիլմի գերմաներեն տարբերակը: Ֆիլմում խաղում են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազինը և այլք:
«Կարծում եմ` չարությունը մեր մեջ գոյություն ունի ծնվելու պահից սկսած: Ինձ համար հետաքրքիր էր բացահայտել, որ չարությունը հանդիսանում է բարությունից անցման գործընթաց և որ կա դրա հակառակը: Այս երկու հասկացությունները միմյանց փոխկապակցված են: Օրինակ` մարմնի գեղեցիկ մասերը կարող են իրենց ներսում քաղցկեղ ունենալ, նմանապես էլ միևնույն անձը կարող է ընդունակ լինել և ամենաբարի արարքին և ամենաբռնի հանցագործությանը: Մենք դեռ պետք է բացահայտենք, թե որտեղ ենք դադարելու ապրել սահմաններից այն կողմ` առանձնացված կրոնական, ազգային պատկանելիությամբ»,- նշել է Ֆաթիհ Ակինը:
Վերջինս հանդիսանում է Կաննի և Բեռլինի կինոփառատոնների գլխավոր դափնեկիր, ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում:
Ֆիլմի թրեյլեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան