Այրվել են Չորաթանի դաշտերը
Այսօր առավոտյան այրվել են Տավուշի մարզի Չորաթան գյուղի դաշտերը: Ինչպես Panorama.am-ի թղթակցին ասաց Չորաթանի համայնքապետ Վարուժան Բաղմանյանը, հրդեհը տարածվել է Ադրբեջանի Աղդամ գյուղի կողմից:
«Չորաթանի Ներքին Շենի հողերն ու ադրբեջանական Աղդամ գյուղի հողերը մի ճանապարհ է բաժանում: Ադրբեջանցիները հրդեհել են ու կրակը տարածվելով հասել է մինչև Չորաթանի արտերը»,- ասաց Վ. Բաղմանյանը:
Նրա խոսքերով` հիմնականում այրվել են դաշտերում կուտակված խոտի դեզերն ու հարդի դեզերը, ընդհանուր առմամբ կրակն ընդգրկել է 150 հա տարածք:
«Բարեբախտաբար, գյուղացիների ու զինծառայողների ջանքերով կարողացել ենք արագ մարել հրդեհը` փրկելով խաղողի ու խնձորի այգիները»,- ասաց համայնքապետը` հավելելով, որ կորուստները մեծ չեն:
Նշեց նաև, որ գյուղն այս պահին պատված է ծխով: