Սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կներկայացվի «Կրակե օղակ» օպերան
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին` Արցախի անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին նվիրված Շուշիի ամրոցում կկայանա հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան:
Նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավար Սարինե Ավթանդիլյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ անցած տարի նույն այդ օրը ` սեպտեմբերի 1-ին արցախցի հանդիսատեսին ներկայացվեց կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերան և հանդիսատեսը մեծ տպավորություններով էր հեռացել, և ահա` նոր բեմադրություն:
«Այս օպերան յուրահատուկ օպերա է, այն պատմում է մարդու ներաշխարհի մասին, ներկայացնում հայացք դեպի ներս: Ես կարծում եմ, որ այդ օպերան արժանի է լինելու մեր օպերային երգացանկում և այդպես էլ կլինի ու այդպես էլ նախատեսված է»,- նշեց տիկին Ավթանդիլյանը:
Դիրիժոր Ռուբեն Ասատրյանն էլ նշեց, որ օպերայի ծնունդից կես դար է անցել, բայց Ավետ Տերտերյանի ճշմարտությունն անընդհատ հաստատվում է.
«Օպերայի սյուժեն թվացյալ խորհրդային տարիների հեղափոխության հիմք ունի, բայց իրականում սա համամարդկային հավերժ թեմա է: Սյուժետային հենքը Բորիս Լավրենյովի վեպն է, բայց ամբողջ էությունն ու օպերայի հոգին պետք է տեսնել Չարենցի «Ամբոխները խելագարված» և այլ պոեմներում. ամբողջ փիլիսոփայական ու գաղափարական ոգին Չարենցինն է»,- տեղեկացրեց դիրիժորը:
Բանախոսը տեղեկացրեց, որ միջոցառումը կկայանա ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:
Մենակատարներն են Գուրգեն Բավեյանը, Ռուզան Մանթաշյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Արմեն Մարգարյանը, Ռիմա Պիպոյանը:
Նշենք, որ «Կրակե օղակը» Ա.Տերտերյանը գրել է 1967թ-ին: Նույն տարում օպերայի առաջին բեմադրությունը իրականացրեցին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Արամ Քաթանյանը, բեմադրող ռեժիսոր Վահագն Բագրատունին: