Ինչպիսի՞ Աֆղանստան ԱՄՆ-ի համար
Աֆղանստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն էլ ավելի սրեցին ներքաղաքական իրավիճակը: Հունիսի 14-ին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի (որին մասնակցող երկու թեկնածուներն էին Աշրաֆ Ղանի Ահմադզային և Աբդալլահ Աբդալլահը (երկուսն էլ փուշթու են)) արդյունքներով՝ ձայների 56,44%-ը հավաքել էր Ահմադզային, իսկ 43,56%-ը՝ Աբդալլահը:
Երկրորդ փուլի արդյունքների հայտարարությունից անմիջապես հետո երկրում ծայր առան hամընդհանուր դժգոհություններ՝ խորացնելով առկա հակասությունները նաև նախագահի թեկնածուների միջև. Աբդալլահը հայտարարեց, որ չի ընդունում իր պարտությունը՝ մեղադրելով Ահմադզային ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ, իսկ Ահմադզային հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ ընտրություններում արժանիորեն հաղթանակ է տարել:
Երկրի ներքաղաքական իրավիճակի վրա իրենց ազդեցությունն են ունենում նաև ընդհատակում հայտնված թալիբները, որոնք ժամանակ առ ժամանակ հիշեցնում են իրենց մասին` իրականացնելով աֆղան բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններ և ահաբեկչական գործողություններ: Տարածաշրջանային որոշ ուժային կենտրոններ, նույնպես մտահոգ են աֆղանական իրականությամբ: Մասնավորապես` Պակիստանը, որն ավանդապես ազդեցիկ դիրքեր է ունեցել Քաբուլի նկատմամբ, նույնպես ակտիվություն է դրսևորում աֆղանական գործընթացներում:
Աֆղանական իրադարձություններով առավելապես անհանգստացած է ԱՄՆ-ն: Ստեղծված անկայուն իրավիճակը երկրում ստիպեց ամերիկյան իշխանություններին քայլեր ձեռնարկել երկրի ներքաղաքական իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ: Վաշինգթոնը հայտարարեց, որ կդադարեցնի Աֆղանստանին տրվող օգնությունը, եթե նախագահի երկու թեկնածուներն ընդհանուր հայտարարի չգան:
Հուլիսի 10-ին Քաբուլ ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրի հետ հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել անկախ հանձնաժողով ստեղծել, որը կքննի հունիսի 14-ին անցկացված ընտրությունների վիճահարույց դեպքերը և հանդես կգա արդյունքների վերջնական հայտարարությամբ: Ավելին՝ կողմերը համաձայնվել են, որ կընդունեն հանձնաժողովի հաղորդած վերջնական արդյունքները:
Սակայն, արդյո՞ք դա բավարար է ամերիկյան իշխանությունների համար: Նման պայմաններում ԱՄՆ-ն շտապողականություն չի ցուցաբերի սեփական զինված ուժերն Աֆղանստանից դուրս բերելու հարցում: Առավել ևս, որ կան այլ հանգամանքներ. Աֆղանստանում հայտնաբերվել են երկաթի, կոբալտի, ոսկու, պղնձի, բնական ուրանի, մոլիբդենի խոշոր պաշարներ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 900մլրդ. դոլար, ինչը հետաքրքրում է Միացյալ նահանգներին:
Դրա հետ մեկտեղ, Աֆղանստանի աշխարհագրական դիրքը բավական նպաստավոր է` գտնվում է կենտրոնում, իրենից արևմուտք` Մերձավոր Արևելքի, հատկապես Իրանի, իսկ իրենից արևելք` Հեռավոր Ասիայի, հատկապես Չինաստանի, նկատմամբ: ԱՄՆ-ի համար` ունենալ ռազմուժ Աֆղանստանում, նշանակում է դոմինանտ դիրքեր ունենալ իր անցանկալի ախոյանների՝ Իրանի և Չինաստանի հանդեպ:
Ինչևէ՝ եթե նույնիսկ ամերիկյան իշխանությունները ստիպված լինեն դուրս բերել ռազմական կոնտինգենտն Աֆղանստանից, ապա ամերիկացիներին անհրաժեշտ է աֆղանական իշխանական ղեկին տեսնել իրենց համար ցանկալի և կանխատեսելի անձանց, իսկ այդ չափորոշիչների շրջանակներում նախագահի վերոհիշյալ երկու թեկնածուները, թե՛ Աշրաֆ Ղանի Ահմադզային, և թե՛ Աբդալլահ Աբդալլահը, կարծես թե, տեղավորվում են:
Արաբագետ՝ Սարգիս Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները