3-րդ դիվերսանտի դին կհանձնեն ԿԽՄԿ-ի միջոցով` անձը պարզելուց հետո
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, բարի կամք դրսևորելով, հաշվի առնելով փաստը, որ 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միակողմանի ընդունել է Ժնևի 1949թ. Կոնվենցիան, իսկ 2002թ., որպես հավելում, նաև քառակողմ համաձայնագիր է կնքվել ԼՂՀ իրավապահ մարմինների և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջև, դիմել է Ադրբեջանի Հանրապետության՝ ԼՂՀ տարածքում ձերբակալված քաղաքացիների գործը քննող քննիչին՝ ձերբակալվածների հետ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների տեսակցությունը թույլատրելու խնդրանքով: Քննիչը հանձնաժողովի միջնորդությունը բավարարել է: Հանդիպումը կայացել է այսօր՝ հուլիսի 26-ին: Այդ մասին հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը:
Հանձնաժողովը, հիմք ընդունելով անօրինական կերպով ԼՂՀ տարածք մուտք գործելու և մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները, համարում է, որ ի դեմս Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի, գործ ունենք առնվազն հատուկ պատրաստվածություն անցած հանցավոր խմբի հետ, որի գործողությունների արդյունքում այս պահի տվյալներով կա 2 զոհ, այդ թվում՝ մեկը՝ անչափահաս, և մեկ ծանր վիրավոր:
Հենվելով ունեցած և արդեն հրապարակված տվյալների վրա՝ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված անձանց վրա չի տարածվում «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիան, քանի որ նրանք չեն համապատասխանում կոնվենցիայով սահմանված կատեգորիաներից որևէ մեկին:
Հաստատված համարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ այդ անձանց թշնամական գործողությունները և հենվելով Ժնևի 4-րդ կոնվենցիայի 5-րդ հոդվածի վրա՝ հանձնաժողովը հայտարարում է, որ նշված անձանց վրա չի տարածվում նաև «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիան, միաժամանակ վստահեցնում, որ նրանց նկատմամբ դրսևորվում է մարդասիրական վարվելակերպ՝ Ժնևի 4-րդ կոնվենցիայի 3-րդ մասով սահմանված նորմերի շրջանակներում, և հետագայում էլ, քրեական հետապնդման ժամանակ, նրանք օգտվելու են արդարացի դատաքննության իրավունքից:
Ինչ վերաբերում է խմբի երրորդ՝ սպանված անդամին, Պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում անձը պարզելուց և քննչական գործողությունների ավարտից հետո Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության հետ համագործակցել դիակը հարազատներին հանձնելու հարցում ևս: ԿԽՄԿ-ն կարող է զգալի արագացնել գործընթացը՝ այդ անձի ինքնությանը վերաբերող պաշտոնական հարցում ուղղելով Ադրբեջանի Հանրապետությանը և հավաստի տեղեկատվություն ստանալով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները