ՊՆ խորհրդական Արմեն Սարգսյան. Դեռ պատերազմը վերջացած չի
«Անհանգստության կարիք չկա: Նենգ թշնամու գործողություններ են, որոնց մենք պատրաստ ենք ամեն վայրկյան հակադարձելու և իրենց ցույց տալու մեր տեղն ու դերը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը` անդրադառնալով վերջին շրջանում սահմանային լարվածությանն ու հաճախակի դարձած դիվերսիոն միջադեպերին:
Ա.Սարգսյանի խոսքով` որևէ խնդիր չկա, որպեսզի ժողովուրդն իսկապես անհանգստանա: Թեև բնական է, որ բոլորս էլ տեսնում ենք` կան զոհեր, կան վիրավորներ, «դեռ պատերազմը վերջացած չի, բայց մեր բանակը մարտունակ է և ունի հնարավորություն հակադարձելու համար»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչով է, ըստ իրեն, պայմանավորված հակառակորդի վերջին շրջանի այս ակտիվությունը.
«Հակառակորդը միշտ էլ ուզեցել է իր ատամները ցույց տալ, բայց ատամը կոտրվել է ու ետ է քաշվել: Այնպես որ դա բնական եմ համարում»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման մասին խոսակցություններին, մանավանդ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ֆոնին, ապա Ա.Սարգսյանը նշեց. «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Բայց ոչ մի բան չի բացառվում. Երբեք մի ասա երբեք: Թեև կրկնում եմ` ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»: