Բարեգործական վիրահատություններ Գյումրիի ԲԿ-ում` ամերիկահայերի կողմից
Ամերիկահայ անվանի վիրաբույժ Գևորգ Մութաֆյանի ղեկավարած բժշկական խումբը հուլիսի 19-ից օգոստոսի 2-ը Գյումրի է ժամանել Ամերիկահայկական բժշկական առաքելության բարեգործական ծրագրի շրջանակում:
Նրանց այսօր ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Մենք շնորհակալ ենք ձեր կողմից իրականացվող աշխատանքի համար: Կարևոր է, որ ԱՄՆ-ից ժամանած մասնագետները ոչ միայն գան և այստեղ վիրահատություններ կատարեն, այլև տեղի մասնագետներին սովորեցնեն աշխատել նորագույն մեթոդներով ու տեխնոլոգիաներով»,- ԱՆ տեղեկացմամբ` ասել է Ա.Մուրադյանը, ընդգծելով, որ ամերիկահայ բժիշկների համար Գյումրին հայ գործընկերներին օժանդակելու լավ հարթակ է:
Առողջապահության նախարարը որպես Հայաստանում բժշկական լավագույն ավանդույթների ներդրման օրինակ մատնանշել է պրոֆեսոր Կարո Դերձակյանի օրինակը` նրան բնորոշելով որպես ուրոլոգիայի զարգացման հիմնաքար դնողներից մեկը: Հայաստանում ծավալած 25-ամյա գործունեության շնորհիվ նա մեծ ճանաչում ու հեղինակություն ունի հայ հանրության շրջանում։ Կարո Դերձակյանը 2012 թ-ին պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր առաջին աստիճանի շքանշանով, մի շարք այլ պարգևներով:
Նախարարը հյուրերին հայտնել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի այն երիտասարդ մասնագետներին, ովքեր կցանկանան վերապատրաստվել արտասահմանի լավագույն բժշկական կենտրոններում:
«Առաջնահերթությունը տրվելու է հենց մարզային հիվանդանոցների մասնագետներին։ Նման ցանկություն հայտնողներից առաջիններից մեկը օրթոպեդ է Գյումրիից, ով ցանկանում է ծնկահոդի վիրահատություն կատարել, ամբողջովին տիրապետել պրոթեզավորմանը և արտասահմանում ձեռք բերած փորձը կիրառել Հայաստանում»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Ամերիկահայկական բժշկական առաքելության բարեգործական ծրագրի շրջանակում Գյումրիի բժշկական կենտրոնում կկատարվեն լապարասկոպիկ և բաց վիրահատություններ, ուրոլոգիական անոթային վիրահատություններ և թերապևտիկ բուժումներ ու խորհրդատվություններ:
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը ևս շնորհակալություն է հայտնել Գևորգ Մութաֆյանի հետ Հայաստան ժամանած մյուս մասնագետներին` ընդհանուր անոթային վիրաբույժ Սիմոն Քյոշքերյանին, ուրոլոգ Լեո Դումանյանին, թերապևտ Ծովինար Թեքելյանին, անեսթեզիոլոգ Էմիլ Սայսին, վիրաբույժ Հարություն Դավթյանին, վիրահատարանի բուժքույր Թուբինա Խաչիկյանին:
Ի դեպ, Գևորգ Մութաֆյանը ծնունդով Գյումրիից է, աշխատում է Գլենդելի երկու խոշոր` «Մեմորիալ» և «Ատվենտիս» կլինիկաներում: Նա կրթություն է ստացել Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայում, որից հետո ուսումը շարունակել է ԱՄՆ-ում, ուր և բնակություն է հաստատել:
Հանդիպման ընթացքում ամերիկահայ մասնագետները նշել են, որ իրենք ևս ջանքեր կգործադրեն Հայաստանի երիտասարդ մասնագետների համար արտերկրում ուսանելու հնարավորություն ընձեռելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա