Իրանագետ. Իրանը չի ընկրկում ԱՄՆ գործողությունների դեմ
Օրերս, հուլիսի 24-ին, որոշ օտարերկրյա ԶԼՄ-ներ իրազեկել են այն մասին, որ Իրանում ձերբակալվել են ԱՄՆ քաղաքացիներ: Այդ կապակցությամբ Panorama.am-ի թղթակիցը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:
- Արդյո՞ք Իրանում ԱՄՆ քաղաքացիների ազատազրկման մասին տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:
- ԻԻՀ արդարադատության նախարարությունը հուլիսի 25-ին հաստատել է Իրանում ԱՄՆ երեք քաղաքացու ազատազրկման մասին տեղեկատվությունը: Նրանցից մեկը «Washington Post»-ի թղթակից ԱՄՆ և ԻԻՀ քաղաքացի (երկքաղաքացիության իրավունքով) Ջեյսոն Ռեզայանն է և նրա հետ միասին երկու լուսանկարիչ: Առ այժմ իրանական ԶԼՄ-ները լռում են իրավասու մարմինների կողմից նրանց առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, սակայն շրջանառվող «շշուկները» վկայում են այն մասին, որ մեղադրանքը լինելու է Իրանի տարածքում լրտեսությամբ զբաղվելը:
- Որքանո՞վ է լուրջ այդ իրադարձությունը:
- Աշխարհի տարբեր երկրներում նման դեպքեր գրանցվում են, սակայն ԱՄՆ-ԻԻՀ միջև արձանագրվող միջադեպերն առանձնահատուկ բարձր հնչեղություն են ստանում, քանի որ հիշյալ երկրների փոխհարաբերությունների բնույթից կախված են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նշանակության հույժ կարևոր գործընթացներ: Այդուհանդերձ, կասկածից վեր է, որ լրտեսության մեղադրանքով (եթե այնուամենայնիվ լրտեսության մեղադրանք առաջադրվի) այլ երկրի քաղաքացիներ ձերբակալելն ինքնին լուրջ իրադարձություն է, և այն, անշուշտ, բացասականորեն կանդրադառնա երկու երկրների փոխվստահության մթնոլորտի վրա:
- Ի՞նչ նպատակ է հետապնդում Իրանի այդ քայլը:
- Կարծում եմ՝ իրանական իշխանությունները դրա համար ունեցել են նաև քաղաքական շարժառիթներ: Պատահական չեմ համարում ԱՄՆ քաղաքացիներին ձերբակալելու համար ընտրված հենց այս ժամանակահատվածը, երբ ԻԻՀ միջուկային հիմնախնդիրը լուծելու ս.թ. հուլիսի 20-ի հետ կապված Թեհրանի հույսերը չարդարացան, և ԱՄՆ վարչակարգի նախաձեռնությամբ չորս ամիս հետաձգվեցին իրանական կողմի հետ բանակցությունները: Վերջին ձերբակալությունները կարելի է որակել որպես Թեհրանի կողմից յուրատեսակ պատասխան Վաշինգտոնին, որով ի ցույց դրվեց սեփական դիրքորոշումներից չընկրկելու իրանական կողմի հաստատակամությունը: Ներկայում թե´ ԻԻՀ-ը թե´ ԱՄՆ-ը փորձում են օգտագործել միմյանց վրա ճնշումներ գործադրելու բոլոր հնարավոր տարբերակները, և իրանական իշխանությունների այս քայլը լիովին տեղավորվում է նշյալ տրամաբանության մեջ: