Իրանը Ադրբեջանի հետ ունեցած տարաձայնության պատճառով չի կարողանում շահագործել Կասպից ծովում առկա նավթահանքերը
«Իրանը Կասպից ծովում շուրջ 500 միլիոն բարել նավթի պաշար ունի»,-այսպես նշված է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, հղում անելով ամերիկյան տեղեկատվական աղբյուրներին, նշում է, որ Իրանը շուրջ 500 միլիոն բարել նավթի պաշարներ ունի նաև Կասպից ծովում, սակայն այդ նավթահանքերի պատկանելիության շուրջ Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ ունեցած տարածքային խնդիրներ պատճառով դրանց շահագործման գործընթացը կասեցվել է:
Տեղեկատվության մեջ ասվում է, որ մինչև ս.թ. հունվար ամիսն Իրանը շուրջ 157 միլիարդ բարել նավթ է ամբարել, որը կազմում է նավթի համաշխարհային պաշարների՝ 10, իսկ Նավթ արտահանող երկրների կազմակերպության պաշարների (ՕՊԵԿ)` շուրջ 13 տոկոսը: Իրանի նավթի պաշարների 70 տոկոսը գտնվում է ափաներձ տարածքներում, իսկ 30-ը՝ ցամաքային:
Նշենք, որ 1921թ. Իրանի և ԽՍՀՄ-ի միջև ստորագրված պայմանագրերի համաձայն ՝ Խորհրդային կառավարությունը անվարձահատույց ձևով Իրանին փոխանցեց Կասպից ծովում գտնվող Աշուրադե և այլ կղզիները, ինչպես նաև ճանաչեց Կասպից ծովում սեփական դրոշով նավատորմ պահելու և ազատ նավարկելու Իրանի իրավունքը: Վերջին տարիներին իրավական կարգավիճակի հարցում Ռուսաստանը Ղազախստանի և Ադրբեջանի հետ կարծես թե համաձայնության եկավ, սակայն Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը դեռևս որոշակի տարաձայնություններ ունեն: Իրանը գտնում է, որ ծովը պետք է բաժանվի հինգ հավասար մասի, և բացառում է որևէ այլ տարբերակի քննարկում:
Նախորդ տարի Իրանը հայտարարեց, որ Կասպից ծովում գազի և նավթի նոր հանքավայրեր է հայտնաբերել, որի նավթն աշխարհի ամենաբարձրորակ նավթամթերքից է, իսկ գազի հանքավայրից Թեհրանը նախատեսում է ավելի քան 50 հազար միլիարդ խորանարդ ֆուտ գազ արդյունահանել:
Բացի իրավական հարցից, Թեհրանն ու Բաքուն լուրջ տարաձայնություն ունեն Կասպից ծովում գտնվող նավթային հանքերի պատկանելիության առնչությամբ: Բանն այն է, որ Ադրբեջանը, շահարկելով ծովի իրավական կարգավիճակի դեռևս լուծված չլինելու հանգամանքը, պնդում է, թե Իրանի կողմից հայտնաբերված և շահագործման փուլում գտնվող «Սարդար Ջանգյալ» նավթահանքը ոչ թե պատկանում է Իրանին, այլ այն գտնվում է Ադրբեջանին և Թուրքմենստանին հարող ընդհանուր ջրերի տիրույթում:
Ի պատասխան Բաքվի հավակնությունների՝ Կասպից ծովում իր դիրքերն ամրապնդելու նպատակով Իրանը 2013թ. մարտին Կասպից ծովի ջրեր իջեցրեց տեղական արտադրության «Ջոմարան 2» ռազմանավը:
Հարակից հրապարակում`
Կասպից ծովը վերածվում է տնտեսական և քաղաքական սուր մրցակցության բարդ հանգույցի