Քարվաճառում դիվերսիայի փորձ կատարած Ադրբեջանի քաղաքացուն հուղարկավորել են ԼՂՀ տարածքում
Հուլիսի 19-ին ԼՂՀ Քարվաճառի ուղղությամբ դիվերսիայի փորձ կատարած և դիմադրության ժամանակ սպանված Ադրբեջանի քաղաքացին, ում ինքնությունն առայժմ պարզված չէ, հուղարկավորվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Կրամիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:
Ամատունին ասաց, որ իրենք պատարստ են միջնորդել, որպեսզի նրա մարմինը հետագայում հայրենադարձվի Ադրբեջան: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը պատրաստակամությունն էր հայտնել անձը պարզելուց և քննչական գործողությունների ավարտից հետո Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության հետ համագործակցել դիակը հարազատներին հանձնելու հարցում: «Դա կլինի մեր միջնորդությամբ», ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է այս ադրբեջանցու հետ Քարվաճառ ներթափանցած Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովին և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին, ովքեր այժմ կալանավորված են, ապա Զառա Ամատունին ասաց, որ հուլիսի 26-ին ԼՂՀ իշխանությունների օժանդակությամբ ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել և հանդիպել են նրանց: «Մենք նրանց ընտանեկան լուրեր ենք փոխանցել», -եզրափակեց Ամատունին` ընդգծելով, որ այլ տեղեկություններ իրավասու չէ փոխանցել:
ԼՂՀ Պաշտպանության նախարարության, ԼՂՀ Ազգային Անվտանգության Ծառայության և ԼՂՀ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի հանրապետության քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել էր քրեական գործ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները