Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արամ Մանուկյանի տանը. Մտահոգություններ (տեսանյութ)
«Ցանկացած երկիր կհարգեր իր պետությունը ստեղծողի տունը, այն կվերածեր թանգարանի, այն կվերածեր ուխտատեղի: Խորհրդային տարիներին այդ տունը անորոշ ճակատագիր ուներ, իսկ անկախությունից հետո` տունը զրկված է տանիքից, պատուհաններից, իսկ ներսում ծառեր են աճել», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Զորավար» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանցը` ներկայացնելով Երևանի Արամի 9 հասցեում գտնվող հայ պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի տան ներկայիս անմխիթար վիճակը:
Նշենք, որ Արամ Մանուկյանն այդ տանն ապրել է 1917 թվականի դեկտեմբերից մինչև 1919 թվականի հունվարի 29-ը` իր մահը: Շենքից կախված ցուցանակի վրա գրված է եղել` «Այս տանը ապրել և մահացել է Արամ Մանուկյանը»:
Պետրոսյանցի ներկայացմամբ, Արամ Մանուկյանի տունը վերականգնելու դիմումներ Հայաստանի իշխանություններին «Արամ Մանուկյան» մենագրության հեղինակ Արմեն Ասրյանի կողմից ուղարկվել են դեռևս 2004 թվականից և ստացել պատասխան, որ այդ շենքը, որի տարածքի սեփակաանտերը «Գլենդել Հիլզ» ընկերությունն է, ընդգրկված է «Հին Երևան» ծրագրի մեջ: Վերջերս, ինչպես Պետրոսյանցը ներկայացրեց, ինքը տեղեկացել է, որ ընկերությունն այդ տարածքը հանել է վաճառքի:
«Հնարավոր գնորդը լինելու էր մոսկվացի Սերգեյ Համբարձումյանը: Ես կոնկրետ այդ մարդու նկատմամբ ունեմ դրական մոտեցում, որովհետև նա էր, որ ֆինանսավորեց Մատենադարանի նոր շենքի կառուցումը: Եթե այդ տեղեկությունը իրական լինի, և Համբարձումյանը գնի այդ տարածքը, ես կարծում եմ, որ նա ոչ թե բիզնես ծրագիր կանի, այլ գոնե այդ շենքի մասով կկայացվի ազգային մոտեցմամբ որոշում», -հավելեց Պետրոսյանցը:
Այդուհանդերձ, «Զորավար» հիմնադրամի հիմնադիր տնօրենը պաշտոնական առաջարկ-նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` նշելով, որ անհրաժեշտ է Արամ Մանուկյանի արձան տեղադրելու և շենքի ճակատագիրը լուծելու մասին որոշում կայացնի Երևանի ավագանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան