«Հենց գիտելիքահենք տնտեսությունն է Հայաստանի ապագան». Ջոն Հեֆֆերն
Երևանում այսօր մեկնարկեց «Օրաքլ Օգտատերերի Հայկական Խմբի» կոնֆերանսը, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ:
Նշենք, որ կազմակերպության գործունեության նպատակն է Օրաքլի օգտատերերի և տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, արտադրության և բիզնեսի կառավարման ոլորտի մասնագետներ համախմբումը` ստեղծագործական, մասնագիտական հետաքրքրությունների հիման վրա, նրանց մասնակցության ապահովումը հանրապետության ՏՏ-ի, գիտության, կրթության ոլորտների զարգացման հիմնական ուղղությունների մշակմանը և իրագործմանը, ինչպես նաև վերջիններիս իրավունքների և հետաքրքրությունների պաշտպանությունը:
Օրաքլ խմբի հիմնադիր Ռիչարդ Բեզջյանն ասաց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը, և իրենք այսօր պատրաստ են համատեղել շահագրգիռ անձանց ուժերը և համագործակցել հայաստանյան այն բոլոր կազմակերպությունների հետ, որոնք կներկայացնեն իրենց գաղափարներն ու առաջարկները:
«Մեր հիմնական առաքելությունը Օրաքլի նորագույն տեխնոլոգիաները հասարակությանը հասանելի դարձնելն է, և կառուցողական կամուրջներ կառուցելը հայաստանյան տեխնոլոգիական խմբերի և այլ օգտատերերի հետ: Տեխնոլոգիաները միայնակ չեն կարողանա աճել և ցանցերի ստեղծումը անհրաժեշտ է նրանց զարգացումն ապահովելու համար»,-նշեց Ռիչարդ Բեզջյանը:
Նրա խոսքերով` նախատեսում են կազմակերպել միջոցառումներ, կոնֆերանսներ, ինչպես նաև կհրավիրվեն փորձագետներ, ովքեր պարբերական ելույթներ կունենան ՏՏ և կրթական ոլորներում, նոր արժեքներ ստեղծելով օգտատերերի խմբերի համար:
Ըստ նրա` հատկապես կարևորելու են կրթական ծրագրերը, որոնց ուղղությամբ կլինեն նաև մասնագիտացված վերապատրաստումներ: Կկազմակերպվեն նաև ճամբարներ երեխաների համար, որպեսզի կրթական ծրագրերի միջոցով իրենք կարողանան խուսափել ոչ արգասաբեր ժամանակի կորոստից:
«Ծնողների համար մեծ մարտահրավեր է համակարգչային խաղերի նկատմամբ երեխաների անսպառ մոլուցքը, ուստի կփորձենք մեր բազմահարուստ ներուժը փոխանցել նրանց: Ցանկանում ենք աշխատել նաև համալսարանների ու հետազոտական կառույցների հետ` ոչ միայն տրամադրելով նրանց գործիքներ, այլև ստեղծելով ծրագրեր, որոնք մեծ նշանակություն կունենան բնակչության համար»,- ընդգծեց Օրաքլ խմբի հիմնադիրը:
Դեսպան Ջոն Հեֆֆերնի խոսքերով` ՏՏ ոլորտը Հայստանում ամենարագ զարգացում ապրող ոլորտն է, որտեղ տարեկան գրանցվում է 20 տոկոս եկամուտների աճ, 15-20 տոկոս աշխատեղերի ավելացում, ինչը, ըստ դեսպանի, շատ կարևոր է տաղանդաշատ հայերի համար:
«Կարծում եմ` հենց գիտելիքահենք տնտեսությունն է Հայաստանի ապագան հանդիսանում, այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք աշխատել տարբեր ընկերությունների հետ, կադրեր ենք պատրաստում, որոնք կկարողանան այս ոլորտը համալրել»,- ասաց Ջ.Հեֆֆերնը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը կարևորելով միջոցառման անցկացումը` նշեց, որ այն նպաստում է նորագույն տեխնոլոգիաների տարածմանը, փորձի փոխանակմանն ու գործարար միջավայրում համագործակցության խթանմանը:
Փոխնախարարի խոսքերով` ՏՏ ոլորտի զարգացումը մշտապես եղել և մնում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Ներկայումս, ըստ նրա, պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով իրականացվում են բազմաթիվ ծրագրեր` ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման, արտահանման և ներդրումների ծավալների մեծացման, ձեռներեցության խթանման, սկսնակ ընկերությունների ձևավորման, աջակցման, աշխատատեղերի ստեղծման, նոր վերազգային կազմակերպությունների ներգրավվման և դրանց հետ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Նշենք, որ «Օրաքլ Օգտատերերի Հայկական Խումբ» տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում հասարակական կազմակերպությունը, ոչ առևտրային, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են տեղեկատվական տեխնոլոգիների, կրթության, գիտության, արտադրության և բիզնեսի կառավարման ոլորտի մասնագետներ: