ՀՀ նախագահը` «Լույսի» կրթաթոշակառուներին. Որ երկրի քաղաքացի էլ լինեք` պարտավոր եք ապրել Հայաստանում
«Լույս» հիմնադրամի հիմնադիր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալեց հիմնադրամի 2014-15 ուստարվա կրթաթոշակառուներին:
«Այսպիսի հանդիպումները արդեն ավանդական են դառնում: Եվ ամեն անգամ նման հանդիպումներից ես դրական ազդակներ եմ ստանում , որովհետև մեծ հաշվով այստեղ հավաքվածները Հայաստանի ապագան են»,- ողջունելով երիտասարդներին հայտարարեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով` իրապես մեծ հաջողություն է արժանանալ «Լույսի» կրթաթոշակին, որովհետև հարյուրավոր միլիոններից միայն հազարներին է հաջողվում սովորել աշխարհի լավագույն բուհերում:
«Եվ դա ոչ միայն ձեր, այլև հայ ժողովրդի հաջողությունն է»,- նշեց երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանն ընդգծեց` սովորել այդ բուհերում նշանակում է ձևավորել փոփոխություններ իրականացնելու ունակ երիտասարդ մարդկանց մի խումբ, որոնք կդառնան Հայաստանի առաջնորդները, կկարողանան դիմակայել մարտահրավերներին, որոնք մեզ մոտ շատ են:
ՀՀ նախագահը նաև նշեց, որ ի սկզբանե չէին էլ սպասում, որ շահառուների թիվն այդքան մեծ կլինի, որոնք ոչնչով չեն զիջում այլ երկրների իրենց հասակակիցների:
Իսկ վերջում ընդգծեց. «Որ երկրի քաղաքացի էլ լինեք` պարտավոր եք ապրել Հայաստանում: Ձեր ժամանակի մի հատվածը նվիրեք Հայաստանին: Դուք բոլորդ պետք է այնպես անեք, որ մենք ամեն տարի կարողանանք գրավել նոր բարերարների, ովքեր պատրաստ կլինեն իրենց ունեցածից մաս հանել, որպեսզի մենք կարողանանք զարգանալ»:
Այնուհետ կրթաթոշակառուները, ինչպես նաև շրջանավարտները, ովքեր մասնակցում են «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին ներկայացրեցին իրենց աշխատանքների արդյունքները Դիլիջանում, Եղեգնաձորում, Շուշիում, Գյումրիում, Երևանում, Գարգառում և Ծափաթաղում` ներկայացված լինելով յոթ խմբերում:
Այսպես, Արցախի թիմը ներկայացնող Աշոտը պատմեց, որ իրենք առաջ են մղել «Փայտփորիկ» փայտե խաղալիքների նախաձեռնությունը, որը սատարում է երեխաների կրթությանը և տեղի արհեստավորների համար նոր հնարավորություններ ստեղծում: Իսկ Դիլիջանում աշխատող թիմը կազմակերպել է մեկշաբաթյա ստարտ-ափ ճամբար` վարելով բիզնեսի և ֆինանսների վերաբերյալ սեմինարներ:
Գարգառի թիմն էլ փառատոն է կազմակերպել, որի շրջանակում իրականացված դրամահավաքից գոյացած հասույթը կուղղվի Գարգառի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերանորոգմանը:
Երիտասարդների կողմից ծրագրի ներկայացման ավարտին երկրի ղեկավարը բոլորին հարցեր էր տալիս` հետաքրքրվելով իրենց թիմի աշխատանքներից, արդյունքներից, ինչպես նաև ակնկալիքներից: Իսկ վերջում Սերժ Սարգսյանը հավաստագրեր շնորհեց «Լույսի» այս տարվա կրթաթոշակառուներին:
Նշենք, որ 2014-15 ուստարում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին են արժանացել 58 ուսանողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան