«Տղային վայել պատվով պիտի ծառայենք»
Հադրութից զորակոչված Արթուր Խաչենցը ընդամենը կես ամիս է, ինչ ծառայում է Արցախի Պաշտպանության բանակում: Զինվորական կյանքում իր ամենակարևոր իրադարձությունը՝ զինվորական երդում տալու հանդիսավոր արարողությունը դեռ չի եղել: Բայց ոչ պակաս կարևորի մասնակցեց օրերս՝ հուլիսի 27-ին՝ Ասկերանի շրջանում տեղակայված զորամասի կազմավորման օրը. հանդիսավոր երթ, հետախույզների ցուցադրական ելույթ ու պարգևատրում:
Ընդամենը 14 օր զորամասում ծառայած Արթուրն էլ հանդիսավոր երթի ընթացքում ներկայացնում էր զորամասի ստորաբաժանումներն ու դրանց անցած ուղին:
Տարածաշրջանի ամենամեծ զորամասերից մեկի զինվորը հայրենիքին անմնացորդ ծառայելու երդումը կտա օգոստոսի 9-ին, իսկ այս ընթացքում արդեն հարմարվել է զինվորական կարգուկանոնին ու յուրացրել պարտականությունները:
«Տղային վայել պատվով պիտի ծառայենք: Բանակ գալուց հետո պատկերացումներս փոխվեցին, ավելի ռեալ են, արդեն այս իրականությունով պիտի ապրենք: Այն տղաներին, ովքեր նոր պիտի գան ծառայելու, կոչ եմ անում արժանապատվորեն գալ, համալրել մեր շարքերը և չխուսափել ծառայությունից: Հայ տղան, ով վաղը ընտանիք է կազմելու, օջախի տղամարդն է լինելու, պարտադիր պիտի ծառայի: Այդ ծառայությունն ընդամենը 2 տարի է, մենք պետք է չմոռանանք, որ ունեցել ենք պապեր, հայրեր, ովքեր իրենց կյանքը չեն խնայել և տվել են այս հայրենիքին: Մեզ հասնում է ընդամենը երկու տարի պաշտպանել այդ հայրենիքը: Մենք ունենք մեր երկիրը, մեր Արցախ աշխարհը և մեր երկրի սահմանները պաշտպանելը մեծ պատիվ է մեզ համար»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է նա:
Զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արա Քամալյանը հպարտությամբ է նշում, որ զորամասը տարածաշրջանում ամենամեծն է և իրականացնում է արևելյան դարպասների, պետական սահմանի պաշտպանությունը:
Նա ընդգծում է, որ մեծ մարտական խնդիր է կատարում իր ստորաբաժանումներով և մարտական հերթապահություն է իրականացնում:
«Զորամասը կազմավորվել է 1992 թվականին, 22 տարի իր առջև դրված խնդիրը պատվով է կատարել, ունի մարտական փառավոր ուղի: Մենք բոլորս պարտավոր ենք զգում այդ փառքը բարձր պահել՝ ինչ գնով, որ լինի,- ասում է փոխհրամանատարը:
Հարցին՝ հե՞շտ է ղեկավարել տարածաշրջանի ամենամեծ զորամասը, փոխգնդապետ Արա Քամալյանը պատասխանում է. «Ինչքան զորամասը մեծ է, դժվարություններն այնքան շատ են: Խնդիրներ հիմնականում լինում են մարտական հերթապահության իրականացման ժամանակ: Ամենամեծ տարածքը մեր ստորաբաժանումների կողմից է պաշտպանվում: Ինչքան անձնակազմի քանակը շատ է, այնքան առօրյա, կենցաղային հարցերում խնդիրներ կան: Բայց, փառք Աստծո, այսօր զինվորական կարգապահությունն ամուր հիմքերի վրա է, խնդիրները լուծվում են»:
Հրամանատարի տեղակալը նաև նշում է, որ զինվորները նախատեսված նորմաներով ապահովված են, սնունդից միշտ գոհ են, բուժկետը գործում է. «Ամենալավ մասնագետ էլ մեր բուժծառայության պետն է: ՊԲ արդյուննքերի ամփոփումների ժամանակ խրախուսվել է: Զորամասն ունի գրադարան, այցելուները շատ գրքեր են նվիրել, գրադարանը մեծացել է: Գործում է նաև ինտելեկտուալ Հայ ասպետ ակումբը, նախորդ տարի զորամասի թիմը հանրապետական մրցումներով երրոդ տեղն է գրավել»:
Նա նաև հավելում է, որ փողոցային բարքերի դեմ պայքարի առումով կանխարգելիչ միջոցումներ են արել, անձնակազմը հարցին գիտակցորեն է մոտենում: Փոխրամանատարը հպարտանում է, որ զորամասն արդեն լավ հաջողությունների է հասել:
Իսկ հաջողություններից անմասն չէ նաև հոգևոր կենտրոնը, որի սպասավորը գիշեր-ցերեկ պատրաստ է լսել զինվորներին և օգնել ամեն հարցում:
Հոգևոր հովիվ Գարիկ սարկավագ Ասրյանը զորամասում հոգևոր ծառայություն է մատուցում արդեն 5-րդ տարին: Ինչպես ասում է, ծառայությունները բավական շատ են՝ սկսած Աստծո խոսքը հետևորդներին հացնելու հոգևորականի պարտականությունից:
«Քանի որ մեր զինվորականները հասկանալի հանգամանքներով չեն կարող գալ եկեղեցի, հոգևորականներն իրենք են գալիս բանակ՝ հոգևոր ծառայություն իրականացնելու: Բացի Աստծո խոսքը քարոզելուց, նաև ինչ-որ տեղ հոգեբանի, որոշ չափով մարդու իրավունքների պաշտպանի պարտականություններ ենք կատարում: Ցանկացած հարցում կարող են դիմել, պատրաստ ենք օժանդակել: Եթե զինվորը որևէ խախտում է անում, մենք դա չենք կարող արդարացնել կամ պատժից փրկել, եթե որոևէ անարդարություն լինի, պատրաստ ենք օժանդակել»,- ասում է սարկավագը:
Հոգևոր հովվի խոսքով, ինքը կարող է ցանկացած ժամի հավաքել ստորաբաժանումները և խոսել զինվորների հետ, բայց նախընտրում է, որ զինվորներն իրենք գան. «Հասկանում եմ, որ ռեժիմով ապրող մարդու համար պարտադիր բանն անտանելի է դառնում, իսկ երբ ինքն է կարիքը զգում, մոտենում է, սիրով իրենց տրամադրության տակ ենք»:
Զորամասը, հոգևոր կենտրոնից բացի, ունի նաև հրաձգարան ու լավ կահավորված մարտական հերթապահության ուսումնական ավան:
Հանդիսավոր երթն ու հետախույզների ցուցադրական ելույթը՝ Panorama.am-ի տեսանյութում:
Զորամաս այցելությունը BarCamb Արցախ-2014-ի շրջանակներում էր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները