Գ. Մակարյան. Ներդրումների մասին ՀՀ-ն վատ է ներկայացնում իր ուժեղ կողմերը
Համակարգված ձևով ներկայացված չէ, թե որոնք են հիմնական խոչընդոտները, որոնց պատճառով տարեցտարի մեր երկրում պակասում են ներդրումները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ կարծիք հայտնելով, որ ներդրումների մասին ՀՀ-ն վատ է ներկայացնում իր ուժեղ կողմերը:
«Կան առավելություններ, որոնք մենք որպես պետության կարող ենք ավելի պրոֆեսիոնալ ներկայացնել: Ներդրումների մասին պետք է ներկայացնել գործընթացների որոշակի փաթեթ, որոնք պետք է իրականացնեն պետական համապատասխան մարմինները, այսինքն կառավարությունը, համապատասխան նախարարները, նաև մեզ նման կազմակերպությունները, որպեսզի այդ շղթայական ձևը պահպանվի և հորդորման մեխանիզմը հասնի մինչև վերջ»,-ասաց Մակարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը չնայած խոչընդոտներին և խնդիրներին՝ ունի մի քանի գործոններ. «Առաջինը, որ կարող ենք աշխատուժի վրա հույս դնել: Նաև այն, որ եկամտահարկը համեմատած եվրոպական երկրների բավականին ցածր է: Իսկ երրորդ գործոնը՝ փոքր բիզնեսին տրված որոշակի արտոնություններն են»:
Մակարյանը նաև շեշտեց, որ փոքր բիզնեսի պայմանները կարող են դառնալ լավ կամուրջ մեծ բիզնեսի ներդրումների համար:
Գործատուների Միության նախագահն ավելացրեց, որ անցած տարի հիմնական ներդրումները եղել են հեռահաղորդակցության ոլորտում, այնուհետև անշարժ գույքի գնումների, ալկոհոլային խմիչքների և հանքարդյունաբերության ոլորտներում:
«Միթեփ» ընկերության հիմնադիր տնօրեն Միսակ Թեբելեկյանը, խոսելով ներդրումային խոչընդոտների մասին, ասաց, որ գործարար տեսակետից Հայաստանը դժվար երկիր է, բայց կոչ արեց գոնե հայրենասիրությունից ելնելով՝ ներդրումներ կատարել այստեղ: