Հայ Դատը դեմ է Ջոն Բասին Թուրքիայում ԱՄՆ դեսպան նշանակելուն
ԱՄՆ Հայ Դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` Ջոն Բասին Թուրքիայում ԱՄՆ դեսպան նշանակելու հետ կապված: Այս մասին տեղեկացնում է «Asbarez.com»-ը:
«Ամերիկայի Հայ Դատը չի կարող աջակցություն ցուցաբերել Ջոն Բասի՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան նշանակելու ընտրությանը, հիմնվելով Սենատում արված վերջինիս հայտարարության վրա, որը միահյուսվում է ԱՄՆ նախագահի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ չկատարած խոստման հետ` իրականությունից ավելի հեռու գնալով և ամրապնդելով ԱՄՆ կառավարության վրա Թուրքիայի «լռեցնող» դերակատարումը»,-նշել է վերջինս:
Ըստ Ա. Համբարյանի` անընդունելի է, որ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խոստման դրժումից վեց տարի հետո, Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների կատարումից հրաժարվելուց հինգ տարի անց և, հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, ԱՄՆ դեսպանի թեկնածուն Սենատում հարցադրումներին պատասխանելիս խոսում է թրքական ժխտողականության հռետորաբանության լեզվով` բարոյական հավասարություն դնելով չզղջացող հանցագործների և նրանց միջև, ում վերջիններս անխնա ոչնչացրել են:
«Մենք դեմ ենք Թուրքիայի «լռեցնող գործելաոճին», և բոլոր նրանց, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանության մասին պարզ բարոյականությամբ խոսելու ամերիկացիների իրավունքի վրա դրված վետոն: ԱՄՆ-ն ապրիլի 24-ին Անկարայում պետք է ներկայանա ճշմարտության աներկբա և պարտադրող ձայնով»,- ընդգծել է Համբարյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի էր ունեցել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ջոն Բասի լսումները:
Բասը մասնավորապես հայտարարել է, որ «Թուրքիայի հարավային սահմանի երկայնքով առկա անկայունությունը ստիպում է Անկարային կառուցել ավելի ուժեղ հարաբերություններ հարևանների ` Իսրայելի, Հայաստանի և Կիպրոսի հետ»:
Վերջինս, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, նշել էր. «Մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիային և Հայաստանին շարժվել կարգավորման ուղղությամբ՝ որպես համաշխարհային արդյունավետ և արգասաբեր համագործակցության ստեղծման միջոց, որին երկու երկրների ժողովուրդներն արժանի են: Այս տարի հիշատակման օրը, Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր ցավակցությունը հայտնեց Համաշխարահային պատերազի տարիներին սպանված հայերի ժառանգներին: Թուրքիայի կառավարության կողմից վերջին ամիսներին այս ժեստը և այլ դրական ջանքերը ցույց են տալիս, որ երկխոսության համար տարածքը բաց է: Սակայն ավելի շատ բան պետք է արվի, և մենք քաջալերում են երկու կողմերին էլ հետամուտ լինել 1915թ ողբերգական իրադարձությունների շուրջ փաստերի լիրարժեք, անկեղծ ճանաչմանը»: