Արցախն հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը. ԼՂՀ ԱԳ նախարարի հարցազրույցը «The European Times»-ին
Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել է «The European Times» պարբերականին, որում ներկայացրել է երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Նախարարը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է պետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ աշխատանքները, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը, ԼՂՀ տնտեսության մեջ միջազգային ներդրողներին գրավելու, ինչպես նաև Արցախ-Հայաստան-Սփյուռք համագործակցությունը զարգացնելու ու ընդլայնելու ջանքերը:
Panorama.am-ը ներկայացնում է Կարեն Միրզոյանի ամբողջական հարցազրույցը:
European Times. Որո՞նք են ձեր նախարարության ներկայիս առաջնահերթությունները:
Կ. Միրզոյան. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հիմնվել է 1993 թ-ի հուլիսի 23-ին: Ներկայումս մեր գերակա նպատակը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության կարգավորումն է: Բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը` ԼՀՂ-ի ուղղակի և անհետաձգելի մասնակցությամբ, չափազանց կարևոր է, քանի որ հակամարտության գլխավոր կողմերից մեկի բացակայությունը բանակցային սեղանին բարդացնում է իրական առաջընթաց արձանագրելու հնարավորությունը: Բացի այդ, ԼՂՀ արտգործնախարարության ջանքերն ուղղված են ԼՂՀ միջազգային ճանաչմանը գործընթացում արձանագրված դրական միտումների շարունակմանը: Մեկ այլ գլխավոր նպատակ է հանդիսանում բարեկամական հարաբերությունների հաստատումը այլ պետությունների հետ` հատկապես այն երկրների, որտեղ ապրում են հայկական սփյուռքի ներկայացուցիչներ:
European Times. Պատերազմից հետո ինչպես Լեռնային Ղարաբաղը վերականգնվեց և այժմ ներկայանում է որպես ներդրումների համար բարենպաստ վայր:
Կ. Միրզոյան. Պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղի տնտեսությունն ամբողջապես քանդվեց, և մենք դրա վերականգնումը փաստացի սկսեցինք զրոյից: Ղարաբաղի ժողովրդի անկոտրում ջանքերի, ինչպես նաև` դրսում գտնվող մեր հայրենակիցների շնորհիվ, ԼՂՀ տնտեսությունը աստիճանաբար վերականգնվեց և այժմ մեծ ներուժ ունի ներդրումների համար: Լեռնային Ղարաբաղը կարողացել է գրավել միջազգային ներդրումներ հանք արդյունաբերության, ՏՏ, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում: Ներդրողներն հիմնականում հրապուրվում են փորձառու աշխատուժով և բաց, ազատական ներդրումային միջավայրով:
European Times: Կարո՞ղ եք նշել ընթացիկ մի քանի ենթակառուցվածքային նախագծեր:
Կ. Միրզոյան: Այժմ ընթանում է ռազմավարական տեսանկյունից կարևոր, Ղարաբաղի Մարտակերտ քաղաքը Հայաստանի Վարդենիս քաղաքին կապող մայրուղու շինարարությունը, որն ավարտին է հասցվելու մինչ գալիք տարվա ավարտը: Ստեփանակերտի օդանավակայանի վերանորոգումը լրացուցիչ ներդրումների գրավման մեկ այլ օրինակ է, այն կարող է մեծ զարկ հաղորդել երկրում զբոսաշրջության զարգացմանը:
European Times. Լեռնային Ղարաբաղի մասին ի՞նչ կցանկանայիք փոխանցել հնարավոր ներդրողներին ու այցելուներին:
Կ. Միրզոյան. Ղարաբաղը դա միայն պետության անուն չէ, այլև` այստեղ բնակվող ժողովրդի, որ պայքարել է իր անկախության և ազատության համար: Ոմանք ասում են, թե Լեռնային Ղարաբաղում է ավարտվում Եվրոպան, մենք պնդում ենք հակառակը՝ Լեռնային Ղարաբաղից է սկսվում Եվրոպան: