ԿԽՄԿ պատվիրակությունը կասեցրել է Չինարիի բնակիչների բերքահավաքին աջակցելու նախաձեռնությունը
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը հուլիսի 26-ին տեղի ունեցած կրակոցների պատճառով ստիպված է եղել կասեցնել Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչների բերքահավաքին աջակցելու նախաձեռնությունը: ԿԽՄԿ երևանյան պատվիրակության Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Panorama.am-ին տեղեկացրել է, որ նշված օրը կրակոցներից ոչ ոք չի տուժել, սակայն ԿԽՄԿ-ի մեքենային հասցվել է որոշակի վնաս: Նախքան միջադեպը` ԿԽՄԿ-ի ներկայությամբ գյուղացիները կարողացել են անվտանգ պայմաններում մշակել հողատարածքների չորս հեկտարը:
«ԿԽՄԿ-ի քաղաքականությունն է անվտանգության հետ կապված խնդիրները հասցեագրել համապատասխան իշխանություններին` գաղտնի երկխոսության միջոցով: Այսպիսով, ԿԽՄԿ-ն հրապարակավ չի մեկնաբանում նմանօրինակ միջադեպերի հանգամանքները, ինչպես նաև թե որ կողմը կարող էր նախաձեռնել կրակոցները: Իր քաղաքականությամբ ԿԽՄԿ-ն հնարավորություն է ստեղծում երկխոսելու իշխանությունների հետ, որպեսզի կարողանա շարունակել իր գործունեությունը` ի նպաստ զինված հակամարտությունների հետևանքներից տուժող մարդկանց:
ԿԽՄԿ-ն պատրաստակամ է աշխատելու հօգուտ միջազգային սահմանագծի մերձակայքում ապրող քաղաքացիական բնակչությանը և կշարունակի իրականացնել սահմանամերձ տարածքներում իր մյուս նախաձեռնությունները»,- նշել է Զառա Ամատունին:
Հավելենք, որ համաձայն զինված հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանն աջակցելու իր հանձնառությանը` ԿԽՄԿ-ն համաձայնել էր ներկա գտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանագծին գտնվող Չինարիի արտերում՝ բերքահավաքի աշխատանքների կատարման ընթացքում:
Նախորդող նորություն՝
ԿԽՄԿ-ն՝ սահմանամերձ համայնքների ղեկավարների դիմումի մասին
Սահմանամերձ գյուղերի դաշտերը՝ կրակահերթերի տակ. գյուղապետերը դիմել են ԿԽՄԿ