Ինչո՞ւ է Ադրբեջանը դիմում սադրանքների
Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումն ու սահմանային լարվածության սրումը պայմանավորված է Հարավային Կովկասում գերտերությունների դերի թուլացմամբ: Այսօր մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը և հավելեց, որ Ռուսաստանի և Ամերիկյայի միջև հակամարտությունը Ադրբեջանին առանց պատասխանատվության գործելու հնարավորություն է տալիս:
Քաղաքագետի բնորոշմամբ, Ադրբեջանը նման քայլերի է դիմում հետագայում խաղաղությունը գերտերություններին ավելի թանկ գնով վաճառելու հեռանկարի հույսով: Իսկ, թե որ գերտերությունը կհավակնի տարածաշրջանում ազդեցիկ դերակատություն ունենալ, ցույց կտա ժամանակը:
«Հայկական դիվանագիտական կողմը պետք է ակտիվ գործի, քանի որ պասիվ վիճակը չի նպաստում Ադրբեջանի սադրիչ քաղաքականության զսպմանը»,- ասաց Հրանտ Մելիք Շահնազարյանն ու կոշտ քայլերի կոչ արեց, ընդհուպ՝ մինչև բանակցություններից հրաժարվելը:
Քաղաքագետի խոսքով, պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ առանձին հարաբերությունների շնորհիվ հասնել նրանց կողմից Ադրբեջանի վրա ճնշումներին. «Դա կկասեցնի դիվերսիոն գործողություններն ու քաղաքացիական անձանց վրա կրակոցները»: