Արցախում հացահատիկի միջին բերքատվությունը մոտ 11 ցենտներ է եղել
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր քննարկվել են բերքահավաքի ընթացքի և աշնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Բերքահավաքի արդյունքների վերաբերյալ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանի ամփոփ տեղեկատվության համաձայն, հանրապետությունում հնձվել է մոտ 49 հազար հա հացահատիկային մշակաբույսերի հողատարածք, միջին բերքատվությունը կազմել է մոտ 11 ցենտներ` նախորդ տարվա շուրջ 17 ցենտների դիմաց: Ցածր բերքատվությունը, նախարարի գնահատմամբ, պայմանավորված է հիմնականում եղանակային խիստ անբարենպաստ պայմաններով: Կարկտահարությունից տուժած հողօգտագործողներին ցուցաբերվելու է համապատասխան աջակցություն. հստակեցվում են օժանդակության ծավալներն ու տեսակը:
Վարչապետը նշել է, որ պետությունն ընդառաջելու է պարտավորություններ ունեցող հողամշակներին` մինչև 5-7 տարով երկարաձգելով վարկերի մարումը, իսկ վնաս կրած հողօգտագործողները մեկ տարով կազատվեն հողի հարկից և վարձավճարներից:
Քանի որ հստակ ցանքաշրջանառություն չի իրականացվում, կառավարության ղեկավարի առաջարկությամբ, շատ հողատարածքներ կթողնվեն սև ցելի տակ, կավելացվեն կերային խոտաբույսերի ցանքատարածությունները: Հողօգտագործողներին կտրամադրվի էժան դիզվառելիք` համապատասխան աշխատանքները ժամանակին կատարելու նպատակով:
Քննարկվել են նաև սերմնացուի ձեռքբերման և հողամշակներին տրամադրելու պայմանները: