Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին
Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի հուլիսի 16-ին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքները, բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, կավարտվեն օգոստոսի վերջին: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Ճանապարհի ամբողջ երկայնքով՝ 7480 գծամետրի վրա, աշխատանքներն իրականացվում են նոր տեխնոլոգիաներով: Ճանապարհային հին ծածկը սառը վերաօգտագործմամբ ծառայում է որպես նոր ճանապարհի հիմք: Խառնվելով ցեմենտի հետ՝ հատուկ տեխնիկայի միջոցով այն վերամշակվում է, ստեղծվում է ավելի ամուր հիմք, որի վրա տեղադրվում է երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ:
Մեկ օրում ասֆալտապատվում է շուրջ 500 մետր ճանապարհահատված: Ճանապարհաշինական աշխատանքներում ներգրավված են «Ճանապարհ» ՍՊ ընկերության շուրջ 21 միավոր տեխնիկա և 60 աշխատակիցներ: Ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքը 1 մլրդ 180 մլն դրամ է, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից:
Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին. Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4: