Ապահովել որակ, բայց ոչ բնակչության գրպանի հաշվին. Արմեն Մուրադյան
«Բազմաթիվ խնդիրներ կան առողջապահության ոլորտում, սակայն ոչ միայն մեր երկրում կան նման խնդիրներ, այլ գրեթե բոլոր զարգացած երկրներում` անկախ նրանից, թե ինչ գումարներ են այնտեղ ծախսվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը` ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նախարարի խոսքերով` համակարգում առկա խնդիրները լուծելու համար էական նշանակություն ունեն ոչ միայն ֆինանսական միջոցները, այլև դրանց ճիշտ կառավարումը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ պետք է անել, որպեսզի մարզերի բժիշկները տիրապետեն մարզային հիվանդանոցներում ներդրվող նորագույն սարքավորումներին, Ա.Մուրադյանն ասաց, որ կադրային հագեցվածությունը պետք է համահունչ լինի սարքավորումների հագեցվածությանը, և այդ կապակցությամբ կա ՀՀ կառավարության համապատասխան որոշում, որ մարզային բուժաշխատողները պետք է վերապատրաստվեն լավագույն կլինիկաներում:
«Որոշման համաձայն` պետական բյուջեի միջոցներով այդ բժիշկները կվերապատրաստվեն արտերկրի առաջատար կլինիկաներում: Կարևոր է, որ ժամանակակից բուժկենտրոններում աշխատեն ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող բժիշկներ»,- նշեց Ա. Մուրադյանը` հավելելով, որ բժիշկների հետդիպլոմային մասնագիտացումից հետո, նաև անհրաժեշտ է շարունակական բժշկական կրթություն ստանալ, որն ընդունված է ողջ աշխարհում:
Խոսելով դեղերի ոլորտում առկա խնդիրներից` նախարարն ասաց, որ մշակվել է «Դեղերի մասին» օրենք, որը երեկ ներկայացվել է կառավարությանը և հույս ունի, որ այն կքննարկվի նաև ԱԺ-ում և կընդունվի: Օրենքի նախագիծը հնարավորություն կստեղծի պետությանը միջամտելու դեղերի գնային քաղաքականությանը: «Այս մոտեցումը կիրառվում է եվրոպական բազմաթիվ երկրներում, այսինքն` պետությունը խառնվում է շուկայական խնդիրներին` սահմանելով գների վերին շեմ»,- ասաց Ա.Մուրադյանը:
Նախարարն անդրադարձավ նաև դեղարտադրողների կողմից տարածած այն տեղեկատվությանը, թե առողջապահության նախարարությունը չի ստորագրել դեղարտադրողների հետ կնքվելիք հուշագիր-համաձայնագիրը, որն ուղղված էր անվտանգ, որակյալ դեղերի շրջանառությանը, գրանցմանն ու հաշվառմանը:
Նա նշեց, որ հուշագիրը ոչ թե չի ստորագրվել, այլ գտնվում է նախարարության համապասխան բաժնում:
«Հուշագրի հիմնական սկզբունքը հետևյալն է` մենք պատրաստ ենք իրականացնել որակի հետ կապված բոլոր գործողությունները, մասնավորապես, ստուգումներ, քննարկումներ, վերահսկմանն ուղղված միջոցառումներ և պատրաստ ենք համագործակցել յուրաքանչյուր շահագրգիռ կազմակերպության հետ: Սակայն այդ բոլոր գործողությունները բացարձակ չպետք է ազդեն դեղորայքի մատչելիության վրա, ինչպես նաև որակի վերահսկողությունը չպետք է հնարավորություն ընձեռի առանձին սուբյեկտների վերանայել գները, մասնավորապես, բարձրացնել: Մենք դրան կտրականապես դեմ ենք և պատրաստակամությունն ենք հայտնել համագործակցել յուրաքանչյուր կազմակերպության հետ, բայց ոչ ի հաշիվ բնակչության: Այս հուշագիրը օգոստոսի 1-ից բաց է և պատրաստ է ստորագրման»,- ընդգծեց Ա.Մուրադյանը:
Նախորդող հրապարակումներ`
Առողջապահության նախարարն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը
Բժիշկը պետք է պատասխան տա օրենքի, ոչ թե հիվանդի բարեկամների կամ ԶԼՄ-ների առաջ. Նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա